ԲՀԿ-ականները «հարցաքննում են» ֆինանսների փոխնախարարին

2014թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծով եվրաինտեգրման ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, հարցրեց, թե ինչո՞ւ է բյուջեով եվրաինտեգրման համար՝ թարգմանչական ծառայությունների համար նույնքան գումար հատկացվում, որքան նախորդ տարի, երբ եվրաինտեգրման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, իսկ հիմա հայտարարություն կա Մաքսային միությանը անդամագրվելու մասին:

«Թե պարոն Մնացականյանը (խոսքը ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրապ Մնացականյանի մասին է:-Տ.Մ.) և թե մենք բոլորս 2013թ. բյուջեի քննարկմանը գիտեինք Եվրամիության հետ քաղաքական ինտեգրման մասին, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մասին, և որ մեր օրենսդրությունը պետք է համապատասխանեցնեինք եվրոպական օրենդրությանը: Ուստի հասկանալի էր, որ 122 մլն դրամը հատկացվում է օրեսդրության և թարգմանչական ծախսերի համար, իսկ հիմա գիտենք, որ մենք Եվրոպական միության հետ բացարձակապես չենք ասոցացվում, և երկրի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ոչ թե Եվրոպական օրենսդրությանը, այլ, ինչպես ասաց վարչապետը՝ Մաքսային միությանը: Բայց այդ գումարը կրկին պահպանել է նույն չափով։ Չե՞ք կարծում, որ սա արդարացված համամասնություն չէ»:

Ի պատասխան՝ փոխնախարարը նշեց. «Այո, իրոք հարցադրումը տեղին է, եթե տեսնեմ այդ պրոցեսները գնում են նրան, որ ենթադրենք, որ պետք է ավելի քիչ օրենսդրություն թարգմանվի, այդ ժամանակ կվերնայանենք»։

Իսկ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց՝ արդյոք իրենք ունե՞ն վստահություն, որ եվրոպական դրամաշնորհները չեն կասեցվելու Հայաստանի՝ Մաքսային միություն անդամակցելու որոշման արդյունքում:

«Երբ որ մենք Մաքսային գոտու մասին հայտարարություն ենք տալիս, կարող է ենթադրենք, որ եվրոպական դրամաշնոհները ինչ-որ ձևով չեն լինի, կպակասեն, կամ ինչ որ խնդիրներ կլինեն։ Ձեր վստահությունը ինչի՞ հիման է վրա է, որ չեն կրճատվի դրանք»,- հարցրեց պատգամավորը:

Պավել Սաֆարյանն էլ նկատեց, որ այդ հարցի իրական հասցեատերը Արտաքին գործերի նախարարությունն է, սակայն նշեց. «Բայց այսօրվա դրությամբ՝ այո, վստահություն ունենք, որ գումարները կգան։ Ավելի շատ վստահություն ուենք, որ լինելու է, քան չի լինելու»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս