Բաժիններ՝

Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենաբարձր արձանի կառուցումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի  արևմտյան հատվածում գտնվող Գուջարատ նահանգում այսօր մեկնարկել է երկրի անկախության առաջամարտիկներից Վալլաբհաի Պատելի (հայտնի է նաև որպես Սարդար Պատել, 1875-1950) հուշարձանի կառուցումը: Հնդկական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այն պետք է դառնա աշխարհի ամենաբարձր արձանը:

Միասնության արձանը կառուցվելու է Նարմադա գետի կղզու վրա: Պատվանդանի հետ միասին նրա բարձրությունը կազմելու է 240 մետր (համեմատության համար՝ ԱՄՆ-ում գտնվող Ազատության արձանի բարձրությունը կազմում է 93 մետր՝ պատվանդանով): Արձանը Պատելին պատկերելու է կանգնած և ձեռքերն իջեցրած վիճակում:

Պլանավորված է, որ պատվանդանը բաղկացած է լինելու հանրության համար բաց երկու հարկից, ուր մասնավորապես լինելու է ցուցասրահ: Տանիքում, որտեղից տեսարան է բացվում դեպի մերձակա լեռներ, կարող է միաժամանակ գտնվել մոտ 200 այցելու: Արձանի մոտ կարելի է հասնել նավակով 3.5 կիլոմետր ճանապարհ անցնելուց հետո:

Հուշարձանի կառուցման պլանի մասին առաջին անգամ հայտարարվել է 2010 թվականի հոկտեմբերին: Ակնկալվում է, որ դրա կառուցումը կտևի առնվազն 40 ամիս: Նախագիծը ֆինանսավորում են Գուջարատի կառավարությունն ու մասնավոր անձինք:

Վալլաբհաի Պատելը Հնդկական ազգային կոնգրեսի գործիչ է, նրա աջ թևի ներկայացուցիչը: Գուջարատում ծնված Պատելն իրավաբանական կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում:

1916 թվականին ծանոթացել է Մահաթմա Գանդիի հետ և ներառվել է ազգային-ազատագրական շարժման մեջ: 1947 թվականին Հնդկաստանի անկախանալուց հետո Պատելը զբաղեցրել է երկրի ներքին գործերի նախարարի և միաժամանակ փոխվարչապետի պաշտոնները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս