«Հանիրավի ասված խոսքեր են». Գալուստ Սահակյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին
Իշխող քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը դժվարացավ գնահատական տալ՝ համարելով դրանք «հանիրավի» խոսքեր: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Տեր-Պետրոսյանի եզրակացությանը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն այլընտրանք չունի, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց.
«Բնական է, ընդդիմության տեսակետ է արտահայտում: Կրկնվող սցենար է. նույն բանը եղել է և իր դեպքում և երկրորդ նախագահի դեպքում: Այնպես որ, գնահատականներ դժվարանում եմ տալ, որովհետև վերլուծություններ չկան՝ հանիրավի ասված խոսքեր են: Սրանք սովորական քաղաքական կյանքի սցենարներ են և կառավարությունների դեմ, և նախագահների դեմ, և այդ սցենարը մեզ մոտ չէ, որ մշակվել է: Լուրջ կարելի կլիներ դիտարկել սա, եթե հիմնավորումներ լինեին, բայց չկան՝ մեր վարկը միջազգային ասպարեզում շատ բարձր է, մեր տնտեսական գործակիցները առաջ են գնում, առավել ևս` աշխարհը կարծես զարմացած է, թե փակ, պատերազմող երկիրը ո՞նց է տնտեսական աճ ունենում, ճգնաժամից դուրս գալիս: Այնպես որ, չեմ կարծում, որ, ըստ էության, տրամաբանական կլինի չվերլուծված արտահայտությունը վերլուծել ու գնահատականներ տալ»:
Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում առաջին նախագահի կարծիքը, թե «ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին», Գ. Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում պամֆլետներ հորինել, մասնավորապե,ս Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Դա արտահայտության ձև է, որը փորձել է ազդեցություն ունենալ ընթերցողի նկատմամբ: Իրականում դրանք սին խոսքեր են, որը ամբողջ օրը լսում ենք ընդդիմադիր ճակատից»: Իսկ թե Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվե՞լ է ազդեցություն գործել, նա ազդեցի՞կ է խոսել, Գալուստ Սահակյանը այս հարցում ուրույն կարծիք ունի. «Ամենաշատ ազդեցիկը խոսել է Շիրազը՝ Շիրազ կարդացեք»:
Այն հարցին, թե ինչո՞ւ Լ. Տեր-Պետրոսյանը հենց հիմա խոսեց, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսին է՝ տասը տարի սպասում է նոր է խոսում: Հետո հինգ-վեց ամիս դադարում է՝ նորից է խոսում, հետո երևի հոգնում է գիտական աշխատություններից, թարմանալու համար նորից է խոսում»: