Բոլոր կուսակցությունները պետք է հարգալից վերաբերվեն խորհրդարանում հիջաբի ներկայությանը. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վրչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ քաղաքական բոլոր կուսակցությունների պատգամավորները պետք է հարգալից վերաբերվեն խորհրդարանում հիջաբ (մահմեդական գլխաշոր) կրելուն:
Էրդողանի խոսքերով՝ օրենսդրությունում գոյություն չունի խորհրդարանում հիջաբ կրելու վերաբերյալ արգելք: Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Հուսեին Չելիքն ավելի վաղ հայտարարել էր, որ որևէ քաղաքական ուժ իրավունք չունի արգելել հիջաբի կրելը Թուրքիայի խորհրդարանում:
Նա ընդգծել էր, որ Թուրքիան «ժողովրդավարական» երկիր է, և որ նրա յուրաքանչյուր քաղաքացի «իրավունք ունի» ազատ արտահայտվելու: Սրանից առաջ հաղորդվել է, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) բողոքի ակցիաներ է պատրաստում՝ ընդդեմ խորհրդարանում հիջաբի ներկայության: Բացի այդ, ԺՀԿ-ը պատրաստվում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները: