Ջեյմս Ուորլիքը հաստատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Վաշինգտոնը հույսեր ունի՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղության բանակցություններում նոր ջանքերի ու վստահության հետ.

«Տարածաշրջանի հետ իմ ծանոթությունը հաստատում է, որ մարդիկ ցանկանում են կարգավորում և գիտակցում են, որ կլինեն կորուստներ: Վստահ եմ, որ եթե կարգավորվի հակամարտությունը, ապա դա բարգավաճում կբերի Կովկասին: Դրա համար էլ մենք պետք է փնտրենք և գտնենք այնպիսի ուղիներ, որոնք կառավարություններին ու մարդկանց հնարավորություն կընձեռեն հասնել այդ նպատակին:

Տարածաշրջանում տիրող իրավիճակը վտանգավոր է, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զինվել՝ թեև հակամարտությունն ունի «հայելային հնարավորություններ», եթե երկու երկրների առաջնորդներն ընտրեն խաղաղ տարբերակը և Մինսկի խմբի ձևաչափը:

Հաշվի առնելով այն, որ միջնորդներն այսօր երկարատև ժամանակահատվածում առաջին անգամ փորձում են բանակցային սեղանի շուրջ նստեցնել երկու երկրների առաջնորդներին՝ կողմերի միջև միմյանց վստահելու աստիճանը ստանում է կենսական նշանակություն:

Հաջորդ շաբաթ մենք հավաքվելու ենք տարածաշրջանում՝ երկու նախագահների հետ հանդիպելու համար, և հուսով ենք, որ նրանք որոշում կընդունեն իրենց հանդիպման մասին: Կարևորը դռները բաց պահելն է, կապերի պահպանումը և արդյունավետ բանակցությունների միջոցով առաջ շարժվելը: Ես հուսով եմ, որ Մինսկի խումբը կօգնի այդ հարցում:

Ինչ վերաբերում է նախագահների հանդիպման վայրին, ապա դա կախված կլինի հենց նրանցից: Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով: Պետք է առաջ նայել իրատեսորեն: Ներկայումս անհրաժեշտ է վարել լայնամասշտաբ բանակցություններ և հասնել որոշումների ընդունմանը: Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները սպասում են հենց դրան»:

Տեսանյութեր

Լրահոս