Ամերիկացիներն այսօր նշում են «ամենասարսափելի տոն» Հելլոուինը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացիներն այսօր նշում են իրենց ամենասիրելի տոներից մեկը՝ Հելլոուինը: ԱՄՆ-ի բնակիչները դրան սպասում են գրեթե նույնպիսի անհամբերությամբ, ինչպես որ Ամանորի պարագայում է:
Տների և խանութների ցուցափեղկերի մեծ մասն արդեն վաղուց «զարդարված» են այդ տոնի անքակտելի «սարսափազդու» խորհրդանիշներից՝ գանգեր, կմախքներ և այլն: Երեկոյան ժամերին համապատասխան կերպ հանգնված մարդիկ կսկսեն «ահաբեկել» մարդկանց, իսկ վերջիններս «հրեշներից» փրկվելու համար նրանց կնվիրեն քաղցրավենիք:
ԱՄՆ-ում Հելլոուինը փաստացի համաամերիկյան փառատոն է, որի համար մարդիկ պատրաստում են համապատասխան կոստյումներ: Այս տարի ամենանորաձևը համարվում է կախարդի զգեստը, մինչդեռ մեկ տարի առաջ ամենամեծ հանրաճանաչությունը վայելում էին Բարաք Օբամայի և նախագահական ընտրություններում նրա մրցակից Միթ Ռոմնիի դիմակները:
Բացի կախարդի զգեստից, ԱՄՆ-ում անփոփոխ համբավ են վայելում Սուպերմենի, Սարդ-Մարդի ու Բեթմենի, ինչպես նաև ջրահարսի, ծովահենի, վամխիրի և զոմբիի կերպարները: Հարցումների համաձայն, այսօր փառատոնային կոստյումներ մտադիր է կրել երկրի բնակչության 44 տոկոսը: Տոնը չի շրջանցի նաև մարդու բարեկամներին՝ շներին ու կատուներին, որոնք կրելու են զվարճալի զգեստներ:
Համարվում է, որ Հելլոուինն ԱՄՆ են բերել Իռլանդիայից ժամանած ներգաղթյալները, ուր այդ տոնի արմատները ձգվում են դեպի դարերի խորք: