Լևոն Զուրաբյանը՝ Արամ Հարությունյանին. Ձուկը չի կարողանում ձվադրում կատարել, խոչընդոտում եք

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ասաց, թե բնապահպանության նախարարությունը 2014թ. բյուջեի համաձայն գումար է նախատեսում Սևանում ձկան պաշարների համալրման համար, մինչդեռ միաժամանակ գետերի վրա ՀԷԿ-երի շահագործման թույլտվություն է տալիս, որոնք խոչընդոտում են ձկների ձվադրմանը։

«Դուք ուզում եք Սևանի պաշարները վերականգնել, բայց խնդիրը նրանում է, որ ձուկը բազմանում է գետերում, իսկ գետերի վրա բազամաթիվ ՀԷԿ-եր են կառուցված և ձուկը չի կարողանում ձվադրում կատարել, խոչընդոտում եք։ Այսինքն՝ լուրջ կասկածներ կան, որ այս ծրագիրը անարդյունավետ է։ Մոնիտորինգ կա՞, արդյոք ծախսված միջոցները տվե՞լ են իրենց արդյունք»,- ասաց պատգամավորը:

Նա նաև խնդրեց անդրադառնալ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ Սևանի լճի անտառածածկ տարածքների մաքրման ծրագիրը նույնպես անարդյունավետ է գործում։ «Կոնկերտ հրապարակումներ եղան ՍՊԸ-ների անուններով, որ գնումները վերցնում են, բայց շարունակվում է ճահճացումն ու կեղտոտ իրավիճակը»,- նշեց պատգամավորը:

Բնապահպանության նախարարն էլ նախ հորդորեց. «Գիտեք՝ ես էլ Ձեզ ինչ կխնդրեի. այն, ինչ ասում են Ձեզ, առնվազն ճշտեք ինֆորմացիայի իսկությունը, որովհետև Ձեր հարցի կետերը բյուջեում արտացոլված են, հաշվառման համար նախատեսված ծախսերում, այսինքն՝ Ձեր առաջին հարցի պատասխանը հենց այստեղ էլ գրված է»:

Կարդացեք նաև

Արամ Հարությունյանն ասաց, թե ԳԱԱ ձկնաբուծության ինստիտուտի կողմից իրականացվում են հաշվարկներ և ներկայացնում ձկան պաշարների համալրման արդյունավետությունը:

Ինչ վերաբերվում է ՀԷԿ-երին, ապա նախարարը համաձայնվեց Լ. Զուրաբյանի հետ. «Այո, մենք ունենք այդպիսի անհանգստություն և համապատասխան հանաձաժողովում հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի Սևանում ընդհանրապես արգելենք փոքր ՀԷԿ-երի թույլատրումը, իսկ Սևանից հեռու գետերի դեպքում, եթե չի վնասում, բնականաբար, կարելի է նաև օգտագործել փոքր ՀԷԿ-երի գործունեությունը»,- ասաց նա։

Նախարարը շատ մանրամասն ներկայացրեց ձվադրման պրոցեսը, բացատրեց խնդրի նրբությունները, և պատգամավորին հուշեց, որ ձվադրման ժամանակ մայր ձկները ոչ թե մոտենում են գետերին, այլ գետաբերանների ակունքներին և այնտեղ են իրակացանում ձվադրում: Նրա խոսքով՝ հենց այս բոլոր մանրամասները հաշվի առնելով, իրենք գետաբերանների տարածքում են մանրաձուկը բաց թողնում, որպեսզի հնարավորինս ապահովեն բնական միջավայր։ Արամ Հարությունյանը հավաստիացրեց, որ մանրաձկան բացթողնման պրոցեսը արդյունավետ է:

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Շնորհակալություն դասախոսության համար, որ դուք, որպես ձվադրման մասնագետ, ունեցաք այստեղ, այն շատ ուսուցանելի էր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս