Սերգո Կարապետյանը խոստացավ օգնել Զարուհի Փոստանջյանին
2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց. «Ես հանդիպեցի Ձեզ շուկայի հետ կապված: Դա իմ բնակարանի մոտ շուկան է՝ Կոմիտասում: Ինչո՞ւ է միայն Երևան քաղաքն ընդգրկված այդ շուկաների մեջ: Ինչո՞ւ շուկա չեք հիմնադրում նաև սահմանամերձ շրջաններում: Առնվազն այս տարիների ընթացքում պետք է շուկա կառուցվեր Մեղրիում, ունենայինք գյուղատնտեսական շուկա նաև հյուսիսում, որը կունենար նաև արտնություններ, որ գյուղացին կարողանար արտոնյալ պայմաններով իրացնել մթերքները: Բյուջեով նախատեսվո՞ւմ է գումար այս աշխատանքի համար»:
Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ նաև Սյունիքի արոտավայրերի խնդրին. «Ձեր խորհրդատուները, որոնք հսկայական գումար են ստանում, ի՞նչ խորհուրդ են տալիս Սյունիքի մարզի արոտավայրերի մասով: Համապատասխան փաստաթուղթ կա, որ տարածք է տրվելու Իրանի Իսլամական Հանրաետությանը որպես արոտավայր: Դուք էլ ասացիք, որ մենք սակավ արոտավայրեր ունեցող երկիր ենք: Հսկայական տարածություններ ոչ արոտավայրի համար են օգտագործվում, ոչ էլ փաստորեն մշակվում են: Իրանը մեզ համար հսկայածավալ շուկա է, այս մասին վկայում է Մեղրի-Երևան ճանապարհի բեռնատար մեքենանները, որ գառ են տեղափոխում, ոչխարներին են տեղափոխում և, ըստ որոշ տվյալների, արտոնյալ շուկաների ստեղծմանը դեմ են իշխող կուսակցության ներկայացուցիչները, հատկապես շրջանառվում է Ալեքսանդր Սարգսյանի անունը, որովհետև հիմնականում այդ վաճառքի մենաշնորհն իրեն է տրված»:
Ի պատասխան Սերգո Կարապետյանը նախ հաստատեց, որ հանդիպել է Զարուհի Փոստանջյանին Կոմիտասի շուկայում և նշեց, թե պատգամավորը իր գոհունկություն է հայտնել շուկայի կազմակերպման առումով: Նա հայտնեց, թե Երևանում նման շուկաների թիվը կավելանա, իսկ ինչ վերաբերում է գյուղական վայրերում նմանատիպ շուկաների ստեղծմանը, ապա նախարարն ասաց, թե նպատակահարմար չի գտնում, որ գյուղերում նման շուկաներ ստեղծվեն.
«Ո՞վ է լինելու գնորդը, այնտեղ յուրաքանչյուր գյուղացի արտադրող է, այնտեղ գնորդ չկա, քաղաքացին է գնորդ»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Սակայն Սերգո Կարապետյանը հերքեց, թե ինքը հայտարարել է, որ Հայաստանում սակավ արոտավայրեր կան:
Նա նաև հայտարարեց, թե Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծված անասնապահության ոլորտի համար, իսկ իրացման ոլորտում, նրա հավաստմամբ, ոչ մի մոնոպոլիա չկա: Այնուհետև, դիմելով Զ. Փոստանջյանին, նախարարն ասաց. «Եթե Դուք ցանկություն ունեք զբաղվելու այդ բիզնեսով՝ ես կարող եմ Ձեզ օգնել: Ոչ մի մոնոպոլիա չկա, յուրաքանչյուրը կարող է զբաղվել դրանով: Ամենայն վստահությամբ կարող եմ ասել՝ գյուղատնտեսության ոլորտում մոնոպոլիաներ չկան»: