Լեզվակռիվ Լևոն Զուրաբյանի և Սերգո Կարապետյանի միջև
ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ՀՀ գյուղտնտեսության նախարար Սերգո Կարապետյանի միջև լեզվակռիվ սկսվեց: Նախարարը դժգոհեց, որ ընդդիմադիր պատգամավորը «երկար է խոսում»: Երբ նախարարը ներկայացրեց ոլորտին բյուջով հատկացված հարցերը, ՀԱԿ պատգամավորը հարցրեց. «Էս թվերը շատ լավ են, ծրագրերը շատ լավ են: Բայց դուք ունե՞ք ինչ-որ մոդել՝ ինչպիսի գյուղատնտեսություն եք ուզում կառուցել: ՀԱԿ-ը 2010թ. այդ մոդելը հրապարակել է: Մեր բոլոր ծրագրերը Կառավարությունը ընդունում է, սկսում է իբր թե իրագործել, բայց պարզվում է՝ հետաքրքիր հանգամանք: Ստացվում է, որ այսօր Դուք վարում եք ուրբանիզացիայի, լատիսֆունդիստական, խոշոր կալվածատերերի կողմից գյուղի նվաճման քաղաքականություն, որովհետև պահուստային հողերի քսան տոկոսը տրամադրվել են խոշոր կալվածատերերին, գյուղացին չի օգտվել, ուստի անհասկանալի են Ձեր խոսքերը, որ կոոպերացիոն գյուղատնտեսության ստեղծման ուղղությամբ քայլեր եք իրականացնում»:
Լ. Զուրաբյանը նկատեց նաև, թե այս տարիների ընթացքում վերացվել են բոլոր շուկաները, որտեղ գյուղացիները կարող էին իրացնել իրենց ապրանքները, չեն ստեղծվել մեծածախ շուկաներ: Ըստ նրա՝ գյուղացին կտրված է շուկայից, բայց փոխարենը բարենպաստ պայմաններ են ստեղծված խոշոր կալվածատերերի համար:
«Պարոն Զուրաբյանը, հարցը կոնկրետացրեք»,- հորդորեց նախարարը:
Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Հարցը հստակ է, ես խոսում եմ կոնցեպտուալ մոտեցումների մասին: Ես կարծում եմ՝ որևէ սահմանափակում չկա՝ թույլ տվեք իրականացնեմ ասելիքս: Ես հիմնավորում եմ իմ հարցը»:
Նա նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ է անում նախարարությունը, որպեսզի գյուղացին մնա գյուղում: Ապա նա խոսեց գյուղացիներին տրված վառելիքի սուբսիդավորման մասին՝ որակելով այն խայտառակություն:
«Փոխանակ գյուղացիներին սուբսիդավորեիք, Դուք սուբսիդավորում եք Ֆլեշին: Ինչի՞ համար: Արդյունքում էդ մարդը վաճառում է ամենաանորակ դիզվառելիք, որը հետո գյուղացին չի էլ օգտագործում: Սա ի՞նչ է, ինչո՞վ եք զբաղված»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:
Սերգո Կարապետյանի նյարդերը տեղի տվեցին: Վերջինս զայրացավ. «Ես չեմ հասկանում, սա ելո՞ւյթ է, թե՞ հարց: Հարցը կոնկրետ տվեք՝ պատասխանեմ: Տասը րոպե է՝ խոսում եք»:
Լևոն Զուրաբյանն էլ պատճառաբանեց, թե ինքը ցանկություն ունի հիմնավորել իր հարցը. «Ես հարցը կտամ, ուզում եմ հիմնավորեմ: Հարցերս ուղղակի շատ են, հերթով տալիս եմ: Ես ներկայացնում եմ Ձեր քաղաքականության արատավոր կողմը, բաղադրիչները»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորի գնահատմամբ՝ նախարարութան քաղաքականությունը հանգեցնում է գյուղի դատարկման. «Ես ուզում եմ նաև հարցնեմ՝ ի՞նչ եք անում սահմանամերձ գյուղերում: Թեև որդեգրել եք մեր առաջարկած կոպերացիոն մոդելը, բայց ստեղծում եք կալվածատիրական գյուղատնտեսություն»:
Ի պատասխան Սերգո Կարապետյանն ասաց, թե ինքը համաձայն չէ Լ. Զուրաբյանի գնահատակնների հետ. «Դուք ավելի շատ ներկայացրիք Ձեր ծրագիրը: Եվ եթե Դուք հետագայում կգաք իշխանության՝ Ձեր ծրագրերը կիրականացնեք: Հիմա մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը երկրում ղեկավարում է: Արմավիրի մարզի գյուղացիները, որ ասում եք, թե իբրև դժգոհ են, ես չգիտեմ՝ ում հետ եք Դուք հանդիպել, երևի Ձեր համախոհների հետ եք հանդիպել, որ դժգոհ են: Բայց եթե հանդիպեք մյուսների հետ էլ, ովքեր օգտվել են ծրագրից, կտեսնեք, որ աննախադեպ էր ու նման օժանդակության ծրագրեր նախկինում չէին իրականացվել»:
Նա նշեց, թե իրենք ոչ մեկի կողմից՝ դիզվառելիքի անորակ լինելու մասին բողոքներ չեն ստացել, ապա հավելեց, թե իրենք ապրանքը ձեռք են բերել ամենաբարձր որակ ապահովող ընկերությունից, որն առաջարկել է ամենացածր գինը:
Ինչ վերաբերում է շուկաներին, ապա գյուղնախարարը չժխտեց, որ գործում են շուկաներ, որտեղ աշխատում են հիմնականում վերավաճառողները: Բայց, նրա խոսքով, այս ընթացքում Երևանում երեք տեղ ստեղծվել են գյուղատնտեսական տոնավաճառներ, որտեղ ամեն օր երեք հարյուր հոգի շաբաթ-կիրակի օրերին վաճառքի է հանում սեփական արտադրանքը:
Հակադարձելով գյուղնախարարի այն հայտարարությանը, թե ինքը Արմավիրում հանդիպել է միայն իրենց համախոհներին, Լևոն Զուրաբյանն ասաց. «Մեզ բոլորն են համախոհ են»: