
Էրդողանը պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի նոյեմբերի 22-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով Ռուսաստան է մեկնելու նոյեմբերի 22-ին: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչ Օրհան Գազիգիլը:
Վերջինիս խոսքերով՝ եթե վերջին պահին ոչինչ չփոխվի, ապա Էրդողանի ռուսական այցը տեղի կունենա հենց նոյեմբերի 22-ին: Նա հավելել է, որ Էրդողանի հետ Ռուսաստան կժամանեն մի շարք նախարարներ՝ ընդգծելով, որ ներկայումս համաձայնեցվում է այցի ծրագիրը:
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը գործակալությանը հայտնել էր, որ աշնան վերջին պլանավորված է անցկացնել Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ:
Դրան մասնակցելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որոնք ամփոփելու են վերջին մեկ տարում երկու երկրների միջև համագործակցությունը և քննարկելու են դրա զարգացման հեռանկարները: