
Բաշար Ասադը հայտարարել է համընդհանուր համաներում

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երեկ հայտարարել է համընդհանուր համաներում: Ազատ կարձակվեն նաև զինծառայությունից խույս տալու և դասալքության համար ազատազրկվածները:
Համաներումը տարածվելու է այն բոլոր հանցագործների վրա, որոնք հակաիրավական գործողություններ են կատարել մինչև 2013 թվականի հոկտեմբերի 29-ը: Սիրիայի նախագահը նախորդ անգամ համընդհանուր համաներում հայտարարել է 2013 թվականի ապրիլի 16-ին, իսկ դրանից առաջ՝ 2012 թվականի հունվարին:
Բաշար Ասադի քաղաքական հակառակորդները կարծում են, որ Ասադի կողմից նոր համաներում հայտարարելը կապված է հաջորդ տարվա մայիսին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, որոնցում Ասադը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Բաշար Ասադը Սիրիան ղեկավարում է արդեն 13 տարուց ավելի՝ 2000 թվականի հունիսից: