
Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել պաղեստինցի բանտարկյալների երկրորդ խմբին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները գիշերը ազատ են արձակել պաղեստինցի բանտարկյալների երկրորդ խմբին: Դրանում ընդգրկվել է 26 մարդ, որոնց համաներումն իրականացվել է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում:
21 պաղեստինցի կվերադառնա Հորդանան գետի Արևմտյան ափ, 5-ը՝ Գազայի հատված, ուր և նրանց դիմավորելու են հանդիսավոր կերպ: Նրանք բոլորն էլ ստացել էին տևական ժամկետով ազատազրկումներ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Նրանք արդեն իսկ բանտում անցկացրել են 19-28 տարի: Հանցագործությունների մեծ մասն իրականացել է մինչև 1993 թվականին Օսլոյի համաձայնագրի ստորագրումը:
Ընդհանուր առմամբ, Իսրայելը պլանավորել է ազատ արձակել պաղեստինցի 104 բանտարկյալի: Բանտարկյալների առաջին խումբը, որում դարձյալ եղել է 26 մարդ, ազատ է արձակվել օգոստոսի 14-ի գիշերը: