Արդարադատության նախարարության նախագծերի դեմ ստորագրահավաքը շարունակվում է
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված երկու օրինագծերի դեմ փաստաբնների ստորագրահավաքը շարունակվում է: Մինչ այժմ ստորագրահավաքին միացել է 600 փաստաբան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Կարինե Ղումաշյանը: Վերջինս նշեց նաև, որ խնդիրը վերջնական լուծում չի ստացել:
Հիշեցնենք, որ փաստաբանների շրջանում դժգոհություն էին առաջացրել ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված իր նամակում Փաստաբանների պալատի նախագահ Արա Զաքարյանը նշել էր, որ նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում: Փաստաբանների հաշվառումը պալատը կատարում է անվճար: «Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը»,- նշել էր Փաստաբանների պալատի նախագահը: Օրենքների նախագծերում նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք 60.000 դրամի չափով: