200 դոլար կաշառք` ամեն քառակուսի մետրի համար
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2014թ. բյուջեի նախագիծը ԱԺ հանձնաժողովների միացյալ նիստին ներկայացնելիս հայտարարեց, որ շինարարության ոլորտում արձանագրվող անկման պատճառը շինթույլտվությունների բնագավառում բյուրոկրատիայի բարձր աստիճանն է:
Կառուցապատող ընկերություններից մեկի տնօրենը, ով, բնականաբար, չցանկացավ ներկայանալ, 168.am-ին տեղեկացրեց, որ բյուրոկրատիայի բարձր աստիճան ասվածը շատ մեղմ բնորոշում է: Ըստ մեր զրուցակցի՝ Երևանում կառուցվող շենքերի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վճարվող կաշառքների չափը տատանվում է 200-250 դոլարի սահմաններում:
Կառուցապատողները մեկ շենքի կառուցման համար հավելյալ ծախսում են 2-3 միլիոն դոլար՝ կախված շենքի գտնվելու վայրից և չափերից: Սկսված հողհատկացումից, շինթույլտվությունից, նախագծերի հաստատումից մինչև շենքը շահագործման հանձնելը անընդհատ փող են պահանջում: Դրան գումարած ստուգող կազմակերպությունները, որոնց պետք է վճարել շինարարության ամբողջ ընթացքում:
Երևանում կառուցվող բնակարանների գինը կարող էր առնվազն 200 դոլարով իջնել, եթե այդ կողմնակի վճարումները չլինեին: Բայց հիմա շուկան լճացել է, քանի որ մարդիկ պատրաստ չեն նման բարձր գներով բնակարան գնել: Հարևան Վրաստանում բնակարանները գները Երևանից ցածր են միայն այն պատճառով, որ այնտեղ այդ կոռուպցիան չկա, կամ համարյա չկա:
Ըստ մեր զրուցակցի՝ հենց այդ հավելյալ վճարումներն են պատճառը, որ շատ կառուցապատողներ սննանկացել են ու չեն կարողանում ավարտին հասցնել շինարարությունը: Մարդիկ վարկ են վերցնում շինարարություն անելու համար, բայց փոխանակ շինանյութ գնեն, բանվորին վարձատրեն՝ ստիպված են տարբեր պետական հաստատությունների փող տալ թղթի համար:
«Եթե կառավարությունը ժամանակին զբաղվեր այս խնդիրներով՝ անկում չէր լինի, կամ գոնե այսքան չէր լինի. Թե չէ հիմա դրա մասին խոսելը նույնն է, եթե մեռածի կողքին կանգնես ու սկսես քննարկել թե ինչ դեղով կարելի էր նրա կյանքը փրկել»,- ասում է մեր զրուցակիցը: