Նիկոլ Փաշինյանը՝ փողոցները մարդկանց նյարդերի հաշվին ասֆալտապատելու մասին

«Շատ հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ ասֆալտապատման աշխատանքների հետ կապված քաղաքացիները մնում են խցանումների մեջ: Մնում են չարդարացված, որովհետև եթե քաղաքային իշխանությունը հաշվարկեր` կիմանար երթևեկության հոսքերը ու կկառավարեր դրանք»,- 2014թ. պետական բյուջեի նախագծի շրջանակներում Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին` դիմելով Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս մի քանի անգամ եղել եմ այս իրավիճակում և ականատես եմ եղել, թե ինչպես են աղջիկները, կանայք կռացած մնում հանրահայտ երթուղային տաքսիների մեջ: Քանի որ ասֆալտապատումը բյուջետային միջոցներով է կատարվում՝ ինչո՞ւ նպատակային չեն ծախսվում գումարները, որ քաղաքացիները սթրեսի չենթարկվեն: Թե՞ ուզում եք բոլորը տեսնեն, որ ասֆալտ եք անում»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան Երևանի փոխքաղաքապետն ասաց, թե այս տարի մայրաքաղաքում կատարվել են ասֆալտապատման լայնածավալ աշխատանքներ, ապա շեշտեց. «Կապալառու կազմակերպության կողմից արվել է առավելագույնը, որ առանց ավելորդ ծանր անհարմարություններ ստեղծելու գործը կատարվի: Առավելագույնս փորձել ենք օգտագործել գիշերային ժամերը, շաբաթ, կիրարկի օրերը: Իրոք, եղել են քաղաքացիների կողմից դժգոհություններ, բայց մարդիկ գիտակցել են, որ արվում է քաղաքի բարեկարգման համար: Հաջորդ տարվա համար էլ մենք պլանավորել ենք աշխատանքի կազմեկերպումն իրականացնել գիշերվա ժամերին, որոշակի խաչմերուկներում էլ շաբաթ կամ կիրակի օրերին: Նախորդ տարիների հետ համեմատ՝ կարող եմ ասել, որ այս տարի աշխատանքները եղել են առավել կազմակերպված, անհարմարությունները սակավ են դարձել բնակչի համար»:

Կամո Արեյանը շեշտեց նաև, թե մայրաքաղաքի երթևեկության ցանցը հնարավորություն չի տալիս առանց որոշակի ճանապարհներ փակելու կամ դրանք միկողմանի դարձնելու կատարել ճանապարհային աշխատանքները:

Կարդացեք նաև

Նա նշեց, թե ստեղծված անհարմարությունները կրում են տեխնիկական բնույթ, բայց դա չի նշանակում, որ բյուջեի գումարներն օգտագործվել են անարդյունավետ: «Ժամանակավոր անհարմությունները որևէ ազդեցություն չեն ունեցել բյուջետային միջոցների անարդյունավետ վատման վրա»,- հավաստիացրեց նա:

Նիկոլ՝ Փաշինյանն էլ հակադարձեց՝ ասելով. «Հիմա եթե ճանապարհն ասֆալտապատում են, ասենք, Իսկաովի պողոտան: Բայց եթե, օրինակ, Երևանյան լճի, Հրազդան մարզադաշտի խաչմերուկում չկան պետավտոտեսուչներ, ցուցանակներ, որ մարդիկ իմանան, որ այդ ուղղությամբ խցանում է, բա դա վատնում չէ՞: Քաղաքային իշխանության ու ՃՈ պարտականությունը ոչ միայն ասֆալտ տանելն է, այլև քաղաքացիների նյարդերի մասին հոգ տանելը, որպեսզի այդ ասֆալտը ծանր չնստի մարդկանց վրա: Խնդիրն այն է, որ կարելի է կիսով չափ մեղմացնել իրավիճակը»:

Կամո Արեյանն էլ խոստովանեց, թե չի բացառում որ եղել են դեպքեր, երբ առաջացել են խցանումներ, բայց վստահեցրեց, թե իրենք արել են առավելագույնը՝ իրավիճակը մեղմելու համար: «ՃՈ-ն եղել է տեղում, բոլորը եղել են տեղում: Վիճակն ավելի վատ կլիներ, եթե նրանք չլիներին»,- եզրափակեց փոխքաղաքապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս