
Պուտինը եվրաինտեգրումից հրաժարվելու հարցում հինգ ժամ փորձել է համոզել Յանուկովիչին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Մոսկվան չի դադարեցնում ԵՄ-ին ինտեգրվելու հարցում Կիևին վերահամոզելու և Մաքսային միության մեջ Ուկրաինայի մտնելու շուրջ պայմանավորվելու փորձերը: Եվ այնուամենայնիվ, ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլն անցավ անարդյունք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Սոչիում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ժամանակ վերստին փորձել է համոզել, որ Ուկրաինան հրաժարվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց: Պուտինի ու Յանուկովիչի հանդիպումն անցկացվել է տետ-ա-տետ ձևաչափով և տևել է ավելի քան 5 ժամ:
Հանդիպման մանրամասները խիստ գաղտնի են պահվում: Նույն օրը երեկոյան Ուկրաինայի ու Ռուսաստանի արտգործնախարարությունների պատվիրակությունները՝ արատգործնախարարներ Լեոնիդ Կոժարայի և Սերգեյ Լավրովի գլխավորությամբ հանդիպել են Դոնի Ռոստովում: Դիվանագետները շփվել են ընթրիքի շուրջ, ինչից հետո միասին են անցկացրել գրեթե ողջ երկուշաբթին:
Սակայն կողմերին չի հաջողվել բեկումնային պայմանավորվածություններ ձեռք բերել երկու երկրների հարաբերությունների օրակարգում գտնվող այլ հարցերի, այդ թվում նաև Ղրիմում Սևծովյան նավատորմի իրավական բազայի փոփոխությունների շուրջ: