
Ինչու են ավելացել նախագահական նստավայրի ծախսերը

Ինչպես պետական կառավարման համակարգի այլ օղակներոմ, այնպես էլ նախագահի աշխատակազմում, 2014 թ.-ի պետական բյուջեի նախագծով կավելանան հատկացումների տոկոսները: Ինչպես այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պետբյուջեով 2014 թ.-ին ավելացումները վեց տոկոսով ավելի բարձր կլինեն նախորդ տարվա համեմատ: Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխությամբ ու աշխատավարձերի նոր համակագի ներդրմամբ: Ընդհանուր բյուջեից նախագահի աշխատակազմին կհատկացվի 236 մլն դրամ: Ըստ աշխատակազմի ղեկավարի՝ կան նաև կրճատված ծախսեր. «Կապի ծառայության գծով 10մլն նվազում է սպասվում, ինչը պայմանավորված է ինտերնետ կապի ավելի էժան գնով»: Նա հայտնեց նաև, որ Կառավարման ակադեմիայում պլանավորվում է նախագահական գրադարանի ձևավորման աշխատանքների մեկնարկ, որը, նրա համոզմաtբ, լինելու է տեղեկատվական գրադարան ողջ համակարգի համար: