Ինքնազոհաբերվող ինքնիշխանություն

Երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի և ԱԺ մի խումբ պատգամավորների միջև տեղի ունեցած երկխոսությունը ցույց է տալիս, թե իրականում որքանով է իրական Հայաստանի անկախությունը, և որքանով են ծիծաղելի այն վտանգելու մասին մտահոգությունները:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը՝ հիշելով խորհրդային տարիները, երբ խորհրդային հետախույզների կողմից կատարված սխրանքների մասին ֆիլմեր էին նկարահանվում, հաղորդումներ պատրաստվում` այդ ոգով դաստիարակելով երիտասարդ սերնդին, հարցրեց թե ի՞նչ է այդ ուղղությամբ արվում անկախության տարիներին: Թևան Պողոսյանին հետաքրքրում էր, թե արդյոք ԱԱԾ-ն պատրաստվո՞ւմ է նկարահանել ֆիլմեր, հաղորդումներ անկախության տարիներին հայ հետախույզների և հակահետախույզների գործած սխրանքների մասին:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը պատասխանեց, որ ԱԱԾ-ում ստեղծվել է թանգարան, որտեղ ներկայացված են բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնք ներառում են նաև անկախության տարիներին ԱԱԾ աշխատանքի և գործունեության արդյունքները: Թևան Պողոսյանը փորձեց պարզաբանումներ ստանալ, թե թանգարանի ստեղծումն ինչպես է առնչվում երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը:

«Թանգարան են այցելում նաև մեր բազմաթիվ երիտասարդներ, ովքեր դիտելով այդ ցուցանմուշները որոշում են կայացնում Ռուսաստանի մեր բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու վերաբերյալ»: Արձագանքելով Հակոբյանի այս պատասխանին, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց. «Պարոն Հակոբյան, մենք անկախ պետություն ենք, կլինի՞ մի օր, որ Հայաստանն իր պորտալարը կտրի Ռուսաստանից»:

Կարդացեք նաև

Արամ Հակոբյանը սկսեց բացատրել, որ Հայաստանը չունի Հատուկ ծառայությունների աշխատակիցների պատրաստման համար նման մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, որ նման մակարդակի ուսումնական հաստատությունների ստեղծումը ժամանակ է պահանջում, և, երբ որ Հայաստանը կունենա նման բարձրագույն ուսումնական հաստատություններ, հայ երիտասարդներն էլ չեն գնա Ռուսաստան` սովորելու:

ԱԱԾ տնօրենի տեղակալին լրացրեց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, ով հայտարարեց. «Պետք չի հեծանիվ հորինել: Մեր երեխաների նկատմամբ այնտեղ շատ պահանջկոտ են, շատ լավ սովորացնում են, լավ էլ մասնագետներ են պատրաստում»: Սարոյանը՝ որպես օրինակ, նշեց «իրենց Ռուբոյի» տղային, ով սովորել է Ռուսաստանում, և շատ լավ մասնագետ է դարձել:

Նման երկխոսությունը ցույց է տալիս, թե որքան անիմաստ ու անհեթեթ են այն խոսակցությունները և մտահոգությունները, թե Մաքսային միություն մտնելը կամ Եվրասիական տնտեսական համագործակցությանն անդամակցությունը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը: Նույնիսկ հայ պաշտոնյաների և պատգամավորների գիտակցության և ենթագիտակցության մեջ Հայաստանն ինքնիշխան պետություն չէ, այլ Ռուսաստանի մի մասը, ռուսական մի ծայրամաս, որտեղից երիտասարդներն ուսում ստանալու համար` մեկնում են մայրաքաղաք Մոսկվա: Նրանց համար կարևորն այն է, որ հայ երիտասարդների նկատմամբ այնտեղ լավ են վերաբերվում, լավ ուսում են տալիս և դիպլոմը ձեռքին ճանապարհում հետ:

Ռուսաստանից կախվածությունն ամենամեծը եղել է հենց ազգային անվտանգության ոլորտում: Շատերը պնդում են, որ Հայաստանի ազգային անվտանգության մարմինները նույնիսկ անկախության շրջանում եղել են ռուսական համապատասխան ծառայությունների եթե ոչ` անմիջական ենթակայության, ապա` առնվազն համակարգման տիրույթում: Հենց այդ պատճառով է, որ ԱԱԾ տնօրենի տեղակալը Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունների մասին խոսում է` որպես «մերի»:

Եթե Հայաստանի ԱԱԾ աշխատակիցների ճնշող մեծամասնությունը սովորել և վերապատրաստվել է Ռուսաստանի համապատասխան հաստատություններում, ապա միանշանակ է, որ նրանց համար դրանք հարազատ են, «մերն են»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը կարող է ինչ-որ ժամանակ ունենալ սեփական ուսումնական հաստատություններ, ապա դա ընդհանրապես անիրատեսական է և գուցե` աննպատակահարմար: Հայաստանն ինտեգրվում է Ռուսաստանին և գնալով ավելի մեծ կախվածության մեջ է լինելու Ռուսաստանից: Այդ պայմաններում արդեն անիմաստ կլինի ունենալ սեփական կադրեր պատրաստող ուսումնական հաստատություններ: Այն ուղղությամբ, որով գնում է Հայաստանը, ինչ-որ ժամանակ հետո Ռուսաստանի ուսումնական հաստատությունները ոչ միայն` ենթագիտակցորեն, այլ նաև` իրավականորեն կարող են «մերը» համարվել:

«168 Ժամ»

Տեսանյութեր

Լրահոս