ՀԱՕԿ-ը սկսում է ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից
ՀԱՕԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ինչպես հատնի է, վերջերս տեղի է ունեցել վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահի ընտրություն, որտեղ գրանցվել են բազմաթիվ խախտումներ : Այդ առթիվ ՀԱՕԿ–ը տարածել է հետևյալ հայտարարությունը .
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Հարց կարող է առաջանալ թե ինչո՞ւ : Բացատրեմ:
Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին` հակասում է օրենքին:
Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված են եղել անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը : Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում: Մասնավորապես` ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան: Նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար:
Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, և վերջապես` ընտություններն անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի ` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում:
Օլիմպիական կարևորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների, որպես հասարակական կառույցների անկախությունն է և գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջը:
Ես խախտումների շարքը դեռ շատ երկար կարող եմ շարունակել, սակայն կարծում եմ այսքանն էլ բավարար է: Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են միջազգային օլիմպիական կոմիտեի սկզբունքներին և օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություն անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի` մարզական որլորտում:
Ինձ արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցակցված ընտրության հետ կապված: Ես անձնապես, որպես ՀԱՕԿ ներկայացուցիչ, ցավ եմ ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող եմ ասել, որ որևե մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից:
Ուզում եմ ընդգծել` ՀԱՕԿ չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման և միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է:
Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը:
ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից:
ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ
ՀԱՕԿ-ի գլխավոր քատուղար