Սեյրան Օհանյան. Այնպես կանենք, որ պայմանագրերի վերջնական ստորագրման պահին նաև մեր կարծիքները հաշվի կառնվեն

168.am-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքվեց՝ արդյոք հիմնավոր չե՞ն այն կարծիքները, որ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանի համար անվտանգության երաշխիքներ այդպես էլ չեն տրվում, և որ նման հայտարարություններն իշխանությունների կողմից ընդամենն արդարացում է: Ի պատասխան Սեյրան Օհանյանն ասաց. «Եթե մենք լուրջ ուսումնասիրենք պայմանագրաիրավային համակագը, որը գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերների, նաև ՀԱՊԿ հետ, կտեսնենք, որ այդ երաշխիքները կան և դրանք հետզհետե զարգանում են:

Մեր անվտանգության ապահովման գործում մենք նաև նրանց հետ համագործակցում ենք քաղաքական և ռազմական առումով: Նոր երաշխիքներ կան, որովհետև մենք այս տարի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագիր, պլան մշակեցինք ՌԴ հետ, որը հնարավորություն է տալիս ոչ թե պահպանել, այլ՝ զարգացնել համագործակցությունը և դրանով իսկ հնարավորություն կա, որ ոչ միայն Պաշտպանության նախարարությունները, այլև՝ մեր կազմակերպություններն արդեն երկկողմ շրջանակներում կապ ունեն ու կզարգացնեն իրենց համագործակցությունը: Հետաքրքրությունները երկուստեք են, և յուրքանչյուր երկիր ունի իր ծրագրերը, նպատակները»:

Մեր այն հարցին, թե Մաքսային միությանը չանդամակցելու դեպքում անվտանգության երաշխիքներ չէին տրվի՞ Ռուսաստանի կողմից, նա այսպես պատասխանեց. «Դե հիմա չանդամակցելով… բայց ինչո՞ւ չանդամակցել, եթե մենք ունեինք այնտեղ պայմաններ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը»:

Սեյրան Օհանյանը հայտնեց նև, որ Մաքսային միության փաստաթղթերի ուղղությամբ ՀՀ իշխանությունները հիմա աշխատում են: «Եվ մենք այնպես կանենք, որ պայմանագրերի վերջնական ստորագրման պահին նաև մեր կարծիքները հաշվի կառնվեն»,- հավաստիացրեց Պաշտպանության նախարարը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ինքը Մաքսային միությանն անդամակցելու հիմնական ջատագովներից է, Սեյրան Օհանյանն ասաց. «Ամենամեծ ջատագովներից ասելը չի նշանակում, որ Պաշտպանության նախարարը այդ քաղաքականության գագաթնակետում է կանգնած: Բայց հաշվի առնելով այն, որ մենք աշխարհագրական առումով այս տարածքից այլ տեղ գնալու հնարավորություն չունենք՝ հաշվի առնելով նաև մեր անվտանգության խնդիրները, որն իրականացնում ենք ռազմավարական գործընկերների, այն անվտանգային շրջանակների տիրույթում, որը կոչվում է  ՀԱՊԿ, կարծում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարել: Միգուցե ժողովրդի մոտ տեղեկատվության աստիճանը մի քիչ բարձրանա ու բացատրվի»:

Տեսանյութեր

Լրահոս