ԱՄՆ-ը Սաակաշվիլիին խորհուրդ է տվել լքել Վրաստանը. France-Presse
Haqqin.az պորտալը, վկայակոչելով France-Presse լրատվական գործակալությունը, հայտնել է, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք Սաակաշվիլիին խորհուրդ են տվել գոնե ժամանակավորապես մեկնել ԱՄՆ: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո մտադիր չէ լքել երկիրը:
Միևնույն ժամանակ հայտնի է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քանիցս ակնարկել է, որ Սաակաշվիլին հարկադրված կլինի պատասխան տալ օրենքի առաջ: Ընտրությունների նախօրեին անգամ բարձրացվեց նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի արտաշիրմման հարցը՝ ելնելով հետաքննության շահերից:
Պաշտոնական վարկածով 2005 թվականի փետրվարի 3-ին Ժվանիան մահացել է գազի արտահոսքից, սակայն հետաքննությունը չի բացառում, որ դժբախտ պատահարը կարող է վերաորակավորվել որպես սպանության: Միևնույն ժամանակ Վրաստանի նախագահական ընտրություններում նախնական տավյալներով հաղթանակ տարած Գեորգի Մարգվելաշվիլին խոստացել է, որ երկրում չեն լինի քաղաքական հետապնդումներ: