Վրաստանը շարունակելու է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականությունը. Մարգվելաշվիլի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, ով երեկ անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով հանդիսանում է առաջատար,այսօր Թբիլիսիում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը շարունակելու է ճիշտ և հետևողական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ նոր նախագահի ժամանակ երկրում չեն իրականացվի քաղաքական հետապնդումներ: Ի պատասխան ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործեր հարուցելու հնարավորության մասին հարցին՝ Մարգվելաշվիլին հայտարարել է.

«Նախագահը չունի դատախազական որևէ իրավասություն, սակայն ողջ վստահությամբ կարող եմ ասել, որ Վրաստանում չեն լինի քաղաքական հետապնդումներ, ինչպես որ չի եղել նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների անցկացումից և նոր իշխանության գալուց հետո:

Քաղաքական հետապնդումները հակասում են ժամանակակից եվրոպական երկրների հայեցակարգերին և սկզբունքներին, և որ Վրաստանում չի լինի նման բան: Իրավական պետությունը հենց այն է, ինչի վրա կառուցված են և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան: Դա Վրաստանի պետականության հիմքն է»:

Տեսանյութեր

Լրահոս