
ԵՄ-ը Ադրբեջանի ու Թուրքմենստանի վզին է փաթաթում «Անդրկասպյան» գազատարի նախագիծը. Լավրով

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, հայտնում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Դոնի պետական տեխնիկական համալսարանում հայտարարել է, որ ԵՄ-ը Ադրբեջանի ու Թուրքմենստանի վզին է փաթաթում «Անդրկասպյան» գազատարի նախագիծը.
«ԵՄ-ի մեր գործընկերները Ադրբեջանի ու Թուրքմենստանի վզին են փաթաթում ««Անդրկասպյան» գազատարի նախագիծը»՝ անտեսելով այն, որ այդպիսի հարցերը պետք է լուծեն մերձկասպյան երկրները, և ոչ թե Բրյուսելը»:
2011 թվականի սեպտեմբերին ԵՄ-ը մանդատ էր տրամադրել Եվրահանձնաժողովին, «Անդրկասպյան» գազատարի նախագծի շուրջ Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ բանակցելու համար: Գազատարը պետք է անցնի Կասպից ծովի հատակով: Ռուսաստանը դեմ է նախագծին՝ ընդգծելով, որ նախ պետք է լուծել Կասպիցի իրավական կարգավիճակի հարցը: