«Ես նույնիսկ մարտի 1-ի դեպքով չեմ տեսել այն վախի մթնոլորտը, ինչ այս գործով եմ տեսնում». փաստաբանը՝ Հրաչ Մուրադյանի սպանության գործի մասին
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի դեմքին և նրա մեքենայի մեջ հայտնաբերված անտիմոնը կրակոցի արգասիք չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել էր մեղադրյալի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա պարզվել է համալիր փորձաքննության արդյունքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանն ասաց, որ փաստաբանը փորձաքննության եզրակացությունը մեկնաբանել է` ի օգուտ իր պաշտպանյալի: «Բնական եմ համարում. իր պաշտպանյալին ի վնաս չէր կարող խոսել, սակայն լրատվամիջոցներին ուզում եմ հայտնել, որքանով ինձ թույլ է տվել նախաքննական մարմինը հրապարակել այս տվյալը, որ նրանց ասած պայմաններում, երբ որ Արայիկ Պետրոսյանը մարտկոցի հետ շփվել է, և նրանք հիմնականում այդ վարկածն էին առաջ քաշում, որ մարտկոցի հետ շփվելուց կարող էին առաջանալ անտիմոնի հետքեր նրա հագուստի, քթի և մեքենայի վրա, փորձաքննությամբ այդ վարկածը հերքվել է,որովհետև միայն կապարի մետաղացման հետքեր են հայտանաբերվել ակումուլյատորի հետ շփման հետ կապված: Ինչ վերաբերվում է կրակոցից հետո անտիմոնի առկայությանը, ապա փորձաքննությամբ մի քանի փորձարարություններ են իրականացվել, այսինքն՝ տարբեր դիրքերից՝ մեքենայի աջ, ձախ նստատեղերից կրակվել է: Այդ բոլոր փորձարարությունների արդյունքում փորձագետի եզրակացությամբ կան դեպքեր, երբ առկա են և կապարի, և անտիմոնի մետաղացման հետքեր և կան դեպքեր, որ առկա են միայն անտիմոնի մետաղացման հետքեր, ինչը և հայտնաբերվել էր առաջին փորձաքննությամբ և մեղադրյալի վրա, հագուստի վրա, մեքենայի աջ հենակի, մեջտեղի հենակի վրա»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մելանյա Առուստամյանն ասաց, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը 2010 թվականին նրա դեմ կատարված մահափորձի շարունակությունն է. «Նախկինում ուղղակի կրակողը վրիպել էր, իսկ այս դեպքում կրակողը հասել էր իր նպատակին»: Փաստաբանի կարծիքով՝ երկու գործերը պետք է միացվեն:
Փաստաբանը նշեց, որ գործով մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել սպանության համար, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ. «Բնականաբար ծառայողական պարտքի հետ կապված սպանությունը չի կարող անձը միայնակ իրականացնել»: Մելանյա Առուստամյանի խոսքով՝ օրենքի պահանջով ինքն այժմ ծանոթ չէ գործի բոլոր նյութերին, սակայն դրանց որոշ մասին ծանոթ լինելով՝ կարծում է, որ «քնությունն ամբողջ ծավալով և ամբողջ ուժով չի ընթանում»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի խոսքով՝ Եթե գործի քննությունը բազմակողմանի չընթանա, հնարավոր է՝ դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Մելանյա Առուստամյանի խոսքով՝ ինքը որպես փաստաբան ներգրավված է եղել նաև 2008-ի մարտի 1-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործով. «Ես նույնիսկ ,մարտի 1-ի դեպքով չեմ տեսել այն վախի մթնոլորտը, որ ինչ որ այս գործով եմ տեսնում: Ես կարողացել եմ մասնավոր հարցումներ անել մարտի 1-ի գործով, այս գործով չեմ կարողանում: Մարդիկ վախենում են: Չեն ուզում ուղղակի իմ մասնավոր հարցմանը պատասխանել, որովհետև վախի մթնոլորտ է: Ես չգիտեմ՝ դա ինչպես մեկնաբանեմ, բայց դա կա»: