
Փոթորկի պատճառով վերամբարձ կռունկն ընկել է բրիտանական կառավարության շենքի վրա (տեսանյութեր)

Բրիտանական The Independent պարբերականի փոխանցմամբ՝ Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում մոլեգնող «Սուրբ Հուդա» փոթորկի պատճառով ամբարձիչ կռունկը Լոնդոնի Վեսթմինսթերյան շրջանում ընկել է բրիտանական կառավարության շենքի վրա:
Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոչ չի տուժել: Պետծառայողներին ժամանակավորապես տարհանել են շենքից: Նրանց մի մասն իրենց աշխատանքը շարունակել են Գանձապետարանի շենքում:
Փոթորկի պատճառով Մեծ Բրիտանիայում արդեն իսկ գրանցվել են առաջին զոհերը: Անգլիայում և Ուելսում հոսանքազրկվել է առնվազն 140.000 տուն: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել մոտ 130 չվերթ: Փոթորկից տուժել է նաև Ֆրանսիայի հյուսիսը:
Նորմանդիայում և Բրետանում հոսանքազրկվել է մոտ 75.000 տուն: Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ այդ շրջաններում քամու արագությունը կարող է հասնել 110-130 կմ/ժամի: Ֆրանսիայում փոթորկի հետևանքով զոհեր և տուժածներ չեն գրանցվել: