
Թուրք-սիրիական սահմանին կենտրոնացվել է հարվածելու իրավունք ստացած 5 F-16 կործանիչ

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի սահմանին մոտ գտնվող Ռասուլայն շրջանում շարունակվում են քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) ու «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների միջև մարտերը:
Այդ մարտերի ժամանակ այսօր առավոտյան ականանետից արձակված մի արկ ընկել է Շանլըուրֆա (Ուրֆա) նահանգի Ջեյլանփընար շրջանում: Դրա հետևանքով զոհվել է 30-ամյա Իդրիս Աքգյուլը: Բացի այդ, թեթևակի վիրավորվել է մեկ երեխա:
Միջադեպից անմիջապես անց Դիարբեքիրի ավիաբազայից օդ է բարձրացվել 5 հատ F-16 կործանիչ, որոնք ուղղվել են դեպի Սիրիայի սահման: Նրանք սկսել են հետախուզական և դիտարկման թռիչքներ իրականացնել թուրք-սիրիական սահմանի երկայնքով՝ իրավունք ստանալով սիրիական կողմից նոր հրետակոծման դեպքում հարված հասցնել նրա տարածքին: