
87 տարեկան հասակում մահացել է հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վարշավայում 87 տարեկան հասակում մահացել է Թադեուշ Մազովեցիկին՝ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետը: Մազովեցկին հանդիսացել է լեհական «Համերաշխություն» շարժման առաջնորդներից մեկը, որը կարողացել է բողոքի բազմաթիվ ակցիաների միջոցով բանակցային սեղանի շուրջ նստեցնել մինչև 1989 թվականը երկիրը ղեկավարած տոտալիտար վարչակարգին:
Լեհաստանի պատմության մեջ որպես «Կլոր սեղան» անվանմամբ մտած այդ բանակցությունների արդյունքներով սկսվել է ժողովրդավարությանը Լեհաստանի անցում կատարելու գործընթացը: Մազովեցկին հանդիսացել է իշխանությունների հետ բանակցելու գաղափարի հեղինակը, որոնց արդյունքներով էլ բազմաթիվ տասնամյակների համար առաջին անգամ ստեղծվեց ոչ կոմունիստական կառավարություն, որը գլխավորեց հենց Մազովեցկին:
Այդ կառավարության իրականացրած տնտեսական բարեփոխումները Լեհաստանին հնարավորություն ընձեռեցին արագորեն անցում կատարել շուկայական հարաբերություններին, ինչը և դարձավ երկրի տնտեսական արագ աճի գրավականը: Մազովեցկու քաղաքական բարեփոխումները վերջնականապես խաչ քաշեցին կոմունիստական վարչակարգի և դեպի ԽՍՀՄ Վարշավայի կողմնորոշման վրա: