«Սևանը վերածվում է ձկնաբուծարանի».բնապահպան
«Սևանը էկոհամակարգից վերածվում է ձկնաբուծարանի»,- նման մտավախություն «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը:
Սևանա լճի մակարդակի իջեցումը, կենսապաշարների գերօգտագործումը և դրանց կանոնավոր մոնիթորիրնգի բացակայությունը տարիներ շարունակ նպաստել են լճի կենսաբազմազանության փոփոխմանն ու ձկան պաշարների կտրուկ անկմանը: Տարիներ շարունակ լճում անհետացել են իշխանի ենթատեսակներն ու սիգը: 2010թ. արդեն Հայաստանի Կարմիր գրքում են գրանցվել Սևանի իշխանը, կողակն ու բեղլուն: Սևանի էկոհամակարգի պահպանման և վերականգնման բնագավառում պետական մակարդակով խրախուսվում է մասնավորապես լճում բնական և արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների ավելացումը: Ի դեպ, այս ծրագիրը ներառված է նաև 2014թ. բյուջեի տարեկան ծրագրերի շարքում:
Հարցին, թե ի՞նչ միջոցառումների արդյունքում է հնարավոր լինելու լճի գրեթե անհետացած ձկնատեսակների վերականգնումը, և ինչպե՞ս են պետական կառույցներն իրականացնելու այդ նպատակը, Հայաստանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը բավական ուշագրավ մեկնաբանություն տվեց. «Նախատեսվում է լճի տարածքը ցանցերով պատել և այդ ցանցերի մեջ ձկնաբուծություն զարգացնել: Այսինքն ցանց են դնում, որ ձուկը չգնա եւ այդ ցանցի մեջ աճի, զարգանա»,- ասաց Արամ Գաբրիելյանը:
«Լիճը դարձնում ենք ձկնաբուծարան, և դա ներկայացնում ենք որպես էկոլոգիական միջոցառում, որ, իբր, դա կնպաստի Սևանում ձկան պաշարների վերականգնմանը,- նշեց նա՝ հավելելով,- գաղափարը դա է. Սևանը էկոհամակարգից վերածվում է ձկնաբուծարանի»: