Գործազրկության նպաստներից օգտվել են սոցիալապես ապահով մարդիկ. վարչապետ
Զրկելով գործազուրկներին պետության հատկացրած սոցիալական օժանդակությունից՝ Կառավարությունն, այնուամենայնիվ, այս խավի խնդիրները պահելու է սոցիալական ծառայության ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր ԱԺ-ում ընթացող 2014թ.-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ 2014թ. պետբյուջեն առանձնահատուկ կլինի նաև թոշակների բնագավառում տարվող քաղաքականության առումով, որը, նրա գնահատմամբ, որակական փոփոխությունների է ենթարկվում՝ տարեկան տնտեսելով 12 մլրդ դրամ. «Թոշակներ ստանում էին մարդիկ, որոնք չպետք է ստանային, մահացած անունով անձանց էին թոշակներ դուրս գրվում, կային մարդիկ, որոնք երկու տեղից էին թոշակ ստանում, իսկ հիմա այս նոր մոտեցումը էապես բարձրացնում է արդյունավետությունը»: Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև ԱԺ-ի կողմից ընդունված օրենագծին՝ գործազուրկմներին 18 հազար դրամ նպաստից զրկելու մասին: Ըստ նրա՝ նախորդ տարիների ուսումնասիրությունը ցույց է տալիս, համակարգը խիստ անարդյունավետ է. նպաստների միայն 6 տոկոսն էր հասնում շահառուներին: «Սա մեր երկրի համար արդյունավետ համակարգ չէ: Մենք ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը, շատ երկրներ այսպիսի համակարգ չունեն, աղքատ երկրների համար այս համակագը չի կարող արդյունավետ լինել»,- պարզաբանեց վարչապետը: Նա շեշտեց, որ հազարավոր մարդիկ ստանում էին նպաստներ, որոնք էական օգուտ չէին տալիս, միաժամանակ ֆինանսական միջոցները չէին հատկացվում աշխատատեղերի ստեղծմանը. «Մենք առաջարկում ենք այս ֆինանսական միջոցներն ուղղել նոր աշխատատեղեի ստեղծմանը, սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ օգնությանը: Փորձը ցույց տվեց, որ 18.000 դրամ նպաստները ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ»: Ինչ վերաբերում է թոշակներին, ապա Տիգրան Սարգսյանը նշեց, որ նվազագույն թոշակներ ստացողների աճի տեմպը լինելու է ավելի բարձր իսկ, 90.000 և ավելի ստացող քաղաքացիների թոշակները չեն բարձրանա: