
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը դադարել է Մերկելին գաղտնալսել Օբամայի իմանալուց հետո. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) դադարել է գաղտնալսել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և համաշխարհային մյուս առաջնորդների այս տարվա ամռանը, երբ Սպիտակ տունն իրականացրել է ներքին ստուգում նրանում:
Այս մասին պարբերականին հայտնել են ամերիկյան կառավարությունում նրա աղբյուրները: Նրանց հաղորդմամբ՝ NSA-ն ավելի քան 5 տարի հետևել է աշխարհի 35 նախագահների ու վարչապետերի, քանի դեռ այդ մասին չի իմացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը:
Պարբերականն ընդգծում է, որ դրանից հետո գաղտնալսման ծրագրերի մեծ մասն անհապաղ կասեցվել է, իսկ մյուսների մասով տրվել է նույնպիսի կարգադրություն, ինչը կատարվում է ներկայումս:
Աղբյուրը հավելել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները միաժամանակ իրականացնում են այնպիսի քանակությամբ հետախուզական գործողություններ, որ դրանցից յուրաքանչյուրի մասին ԱՄՆ նախագահին զեկուցելը դարձել է անհնար:
Աղբյուրի խոսքերով՝ հատուկ ծառայություններն առաջնորդվում են Օբամայի հաստատած հետախուզական գործունեության առաջնահերթություններով, սակայն կոնկրետ օբյեկտների հարցում նրանք որոշում են կայացնում ինքնուրույն կերպ: