Բաքվում հազարավոր ցուցարարներ պահանջել են չեղյալ հայտարարել կեղծված ընտրությունների արդյունքները (տեսանյութ)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաքվում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք՝ չնայած տեղատարափ անձրևին: Ցուցարարները պահանջել են չեղյալ հայտարարել հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ նախագահի պաշտոնում վերընտրվել է Իլհամ Ալիևը:
Հանրահավաքը կազմակերպել է Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը (ԺՈՒԱԽ): Նախագահական ընտրություններում ԺՈՒԱԽ-ի թեկնածու Ջամիլ Հասանլին հայտարարել է, որ հենց ինքն է հաղթել այդ ընտրություններում՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Հասանլին հավելել է, որ իշխանությունները խայտառակել են իրենց՝ համայն աշխարհի առջև կեղծելով հոկտեմբերի 9-ի ընտրությունները, ինչի մասին է վկայում նաև հապճեպ կազմակերպված երդմնակալության արարողությունը:
Հասանլին նոր կառավարությունում նախկին նախարարների նշանակումը որակել է որպես կոռուպցիան ու կամայականությունները շարունակելու իշխանությունների ձգտում: Հասանլիի խոսքերով՝ երկրում կա առնվազն 20 քաղբանտարկյալ՝ ընդդիմադիր ու երիտասարդ ակտիվիստներ, իրավապաշտպաններ, լրագրողներ:
Հասանլին քննադատել է ԵԽԽՎ-ի ու Եվրախորհրդարանի այն պատգամավորներին, որոնք դրականորեն են գնահատել Ադրբեջանում կեղծված ընտրությունները: Հանրահավաքի կազմակերպիչների տվյալներով՝ ակցիային մասնակցել է ավելի քան 10.000 մարդ: Ակցիայի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել: