
Լախդար Բրահիմին մեկնում է Դամասկոս. դիվանագիտական աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին այսօր Բեյրութից կմեկնի Դամասկոս: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ դա պայմանավորված է սիրիական կողմի հետ հավելյալ շփումներ անցկացնելու անհրաժեշտությամբ:
Դամասկոսում արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ընդունել ալժիրցի դիվանագետին՝ ընդգծելով նրա կողմից չեզոքություն պահպանելու կարևորության մասին: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախորդ շաբաթ Բրահիմիին խորհուրդ էր տվել դուրս չգալ իր վրա դրված առաքելության շրջանակներից:
Բրահիմին «Ժնև 2» կոնֆերանսի նախապատրաստման շրջանակներում երեկ Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Հանդիպման ժամանակ Ռոուհանին ընդգծել է Սիրիային մարդասիրական օգնության ցուցաբերման և նրա տարածք ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը կանխելու կարևորությունը:
Ռոուհանին հավելել է, որ այդ քայլերը, Սիրիայի քիմիական զենքի պաշարների ամբողջական ոչնչացման հետ մեկտեղ, կնպաստեն Սիրիայում կայունության ու խաղաղության հաստատմանը: Լախդար Բրահիմին իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այցելել է Եգիպտոս, Հորդանան, Իրաք, Քուվեյթ, Օման, Թուրքիա և Կատար:
Ակնկալվում է, որ Դամասկոսում նա հանդիպումներ է անցկացնելու ոչ միայն պաշտոնական շրջանակների, այլև՝ ներքին ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նախնական տվյալներով՝ «Ժնև 2» միջազգային խաղաղության կոնֆերանսն անցկացվելու է այս տարվա նոյեմբերի վերջին: