
Սաակաշվիլին «կարևոր ազդանշան» է համարում նախագահական ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշը

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների քվեարկության ավարտից հետո իր հեռուստաուղերձում շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ նոր նախագահ ընտրելու համար՝ ընդգծելով, որ բոլորը (ընտրությունների արդյունքներից դժգոհները) պետք է հարգեն մեծամասնության կատարած ընտրությունը:
Սաակաշվիլին ընդգծել է, որ ընտրությունների անցկացումը՝ անկախ դրանց արդյունքներից, ամեն անգամ ծառայում է երկրում ժողովրդավարության հետագա զարգացմանը, և որ վերջին հաշվով գլխավորը հենց ժողովրդավարությունն է:
Սաակաշվիլին մատնանշել է ընտրություններին մասնակցելու ցածր ցուցանիշը՝ 46.6 տոկոս, հավելելով, որ դա «կարևոր ազդանշան» է այն բանի, որ պետք է մշտապես երկխոսություն վարել ժողովրդի հետ: Սաակաշվիլիի խոսքերով՝ վերջին մեկ տարում Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններն ու գրանցված արդյունքները վկայում են Վրաստանի լուրջ հետընթացի մասին:
Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրությունների արդյունքներով, իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է քվեների մոտ 64 տոկոսը: