Պետրոսյանը մեղադրվում է Դուբայում հայերի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով
Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 28-ին կշարունակվի Դուբայում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու գործով դատական նիստը: Datalex դատական տեղեկատվան համակարգի տվյալներով՝ հարուցված քրեական գործի շրջանականերում մեղադրանք է առաջադրվել Ս. Պետրոսյանին:
Ամբաստանյալին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնավաճառության նպատակով Հայաստանի Դուբայ մեկնող կանանց ՝պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող, պոռնկությամբ զբաղվող և այդ կերպ ընտանիքի կարիքները մասամբ հոգացող դստեր՝ Ա. Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս պահանջով, իր ծանոթների շրջանում փնտրել է մարմնավաճառությամբ զբաղվելու համար արտերկիր մեկնելու ցանկություն ունեցող կանանց:
Ապա՝ 2012թ. դեկտեմբեր ամսին, ընկերուհուց` Լ. Զաքարյանից տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհի Ա. Ավետիսյանը, հանդիպել է վերջինիս, հայտնել, որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու, սննդի և այլ հարցերը` հետագայում վերադարձնելու պայմանով, նշել, որ վերջինս կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում:
Մեկնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, 2012թ. դեկտեմբերի կեսերին, դստեր ուղարկած գումարով Ա. Ավետիսյանի համար ձեռք է բերել Երևան-Դուբայ չվերթի ուղետոմս և 2012թ. դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Դուբայ ճանապարհել նրան, որտեղ վերջինս շուրջ մեկուկես ամիս Ա. Պետրոսյանի օժանդակությամբ զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել նրան»:
Ս. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա): Ս. Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով նախագահող դատավորը Վաղինակ Մկրտչյանն է:
Ծանուցում: Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: