Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի ռուսամետ լինելու գնահատականների մասին

«Հանրապետություն» կուսակցությունը շարունակում է պահանջել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում հայտարարեց կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ապա հիշեցրեց. «Մենք ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև՝ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը պահանջել ենք 99 թվականից, երբ վարչապետ էի: Ես երկու անգամ ԱԺ պատգամավոր եմ ընտրվել և հրաժարվել եմ մանդատից՝ համարելով, որ ԱԺ-ն գործադիր իշխանության դակիչ մարմինն է»:

Հարցին, թե Դուք Ձեզ համարո՞ւմ եք Վազգեն Սարգսյանի գաղափարների ժառանգորդ, նա այսպես արձագանքեց. «Զոհվածի հետևից ոչ թե վրեժխնդիր է լինել պետք, այլ նրա կիսատ թողած գործը շարունակել: Ես իմ պարտքն եմ համարում իմ համեստ ունակությունների չափով շարունակել այս գործը»:

Դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանը ռուսամետ էր, իսկ Դուք այսօր եվրոպական արժեքների կողմնակից եք, Արամ Սարգսյանը նշեց. «Այդպես կարող են համարել այն մարդիկ, ովքեր քիչ են ճանաչել Վազգեն Սարգսյանին և նրանք, ում ձեռնտու է այդպես համարել: Խնդիրը նրանում չէ, որ մարդկանց պետք է դասեք արևմտամետների կամ ռուսամետների: Վ. Սարգսյանը գործում էր հանուն Հայաստանի Հանրապետության շահի և ես էլ աշխատում եմ գործել հանուն Հայաստանի շահի: Եթե դուք մտածում եք, որ Վազգեն Սարգսյանը պետք է համաձայն լիներ, որ Հայաստանը ինչ-որ Եվրասիական միության անդամ պիտի դառնար կամ ռուսական, որ ռուսական չինովնիկները պետք է գային այստեղ ու ասեին, թե հայկական բանակի փոխարեն ՀԱՊԿ-ը պիտի ներկայացնի մեզ, չարաչար սխալվում եք»:

Հարցին, թե Վազգեն Սարգսյանը ԵՄ-ին կողմ կլինե՞ր, Ա. Սարգսյանն ասաց, թե քանի որ «նա արդեն չկա, ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել նրա հարցազրույցներում»:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, Արամ Սարգսյանի խոսքով, Վազգեն Սարգսյանը ազատական գաղափարախոսության կողմնակից կլիներ. «Եվրամիությունը կայացած կառույց է, իսկ Մաքսային միությունը գոյություն չունի: Հիմա մենք ուզում ենք ընտրություն կայացնել մի բանում, որտեղ մի կողմից պարտադրում են մեզ, մյուս կողմն ել՝ մենք ենք ուզում»:

Տեսանյութեր

Լրահոս