Ուղեվարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովը նիստ է անցկացրել

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստը:

Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը, նախքան նիստի  աշխատանքներն սկսելը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի կազմը համալրվել է ևս մեկ անդամով, ով սահմանված ժամկետում դիմել էր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու խնդրանքով:  Հանձնաժողովի 37 անդամից նիստին մասնակցել է 25-ը:

Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել  հանձնաժողովի անդրանիկ նիստում հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի չափորոշիչների հիման վրա ձևավորված ծախսերի հաշվարկը մեկ միկրոավտոբուսի և մեկ ավտոբուսի համար՝ մեկ ամսվա կտրվածքով: Հաշվարկը մանրամասնորեն ներկայացվել է ըստ առանձին բաղադրիչների՝ միաժամանակ մատնանշելով հաշվարկների համար հիմք  հանդիսացած ինչպես օրենդրական և իրավական հիմնավորումը, այնպես էլ ոլորտում առկա հաշվարկային մեխանիզմներն ու մեթոդները:

Հաշվարկը ներառել է վառելիքային, շարժիչի յուղի և քսանյութերի, տեխնիկական սպասարկման և նորոգման, անվադողերի և մարտկոցի փոխարինման, ինչպես նաև ամորտիզացիոն ծախսերի բաղադրիչները: Հաշվարկում ներառվել են նաև ինչպես վերադիր, այնպես էլ վարորդների աշխատավարձի գծով ծախսերի  ու հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները: Ներկայացված հաշվարկի յուրաքանչյուր բաղադրիչի վերաբերյալ արտահայտվելու, կարծիքներ հայտնելու և առաջարկներ անելու հնարավորություն է ընձեռնվել հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնցից ելույթ ունեցողները, սակայն, քննարկվող հարցերի վերաբերյալ կոնկրետ հիմնավորված և փաստարկված առաջարկ չեն ներկայացրել: Այդուհանդերձ, որոշվել է հանձնաժողովի անդամ Բաբկեն Պիպոյանի կողմից վառելիքի բաղադրիչի մասով արված առաջարկի վերաբերյալ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և ստացված արդյունքի համեմատությունից հետո միայն վերջնական եզրահանգման գալ:

Կարդացեք նաև

Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ հաստատել են ներկայացված բաղադրիչների հիման վրա ձևավորված Երևան քաղաքում միկրոավտոբուսով և ավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկը, որը,  ինչպես հանձնաժողովի նախագահն է նշել, կարող է նաև որոշակի փոփոխությունների ենթարկվել :

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս