
«Ալ-Քաիդայի» հետ կապված և Սիրիայում գործող ISIS-ն ահաբեկչություններ է պլանավորել Թուրքիայի տարածքում

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատարությունը երկրի ՆԳՆ-ին զգուշացրել է, որ «Ալ-Քաիդայի» հետ սերտորեն կապված և Սիրիայում գործող խմբավորումները ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստում Թուրքիայում:
Ժանդարմերիան նամակ է հղել ՆԳՆ-ի հետախուզական դեպարտամենտին, որում նշված է եղել, որ ողջ Թուրքիայի տարածքում պատրաստվում են պայթեցնել մոտ 10 պայթուցիկով լեցուն ավտոմեքենա:
Մասնավորապես, «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» (ISIS) խմբավորումը պլանավորել ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի տարածքում և այդ նպատակով պատրաստել է 10 ավտոմեքենա` թուրքական կեղծ համարներով ու պայթուցիկով:
Ահաբեկիչները պլանավորել են այդ ավտոմեքենաներն ապօրինի ձևով մտցնել Թուրքիա: Ընդ որում, ահաբեկչությունների անցկացման հարցում վերջնական որոշումը կախված է եղել հոկտեմբերի 22-ին Լոնդոնում անցկացած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպման ժամանակ Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշումից:
Նամակում ընդգծվում է, որ ահաբեկչական պլանը չէր իրագործվի, եթե Թուրքիան ISIS խմբավորումը դիտարկեր որպես չափավոր ընդդիմության ներկայացուցիչ: