«Կինո եք պատմում». «Հարսնաքարի» գործով ամբաստանյալը՝ տուժողին (տեսանյութ)
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամբաստանյալների ցուցմունքներից հետո դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում էր կայացրել, որ դրանց վերաբերյալ պետք է հարցաքննել տուժողներին: Նախորդ դատական նիստի ընթացքում տուժող Էդգար Նիկոյանը ցուցմունք էր տվել: Այս նիստին դատարան էին ներկայացել տուժողներ Արտակ Բայադյանն ու Գարիկ Սողոմոնյանը: Չէր ներկայացել Արկադի Աղաջանյանը: Նախորդ նիստին Էդգար Նիկոյանը հայտնել էր, որ վերջինս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա պարզելու համար դատարանը հարցում կանի ոստիկանության քրեական հետախուզության վարչություն:
Տուժող Արտակ Բայադյանը հայտնեց, որ ինքը պնդում է դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքները: Դատարանում ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը ցուցմունք էր տվել, որ ինքն է ծեծի ենթարկել տուժող Արտակ Բայադյանին: «Ես հստակ կարող եմ ասել, որ ինձ մի հոգի չի հարվածել»,- ասաց տուժողը. միևնույն ժամանակ նա նշեց, որ չի բացառում՝ Գարիկ Մարգարյանը իրեն հարվածել է:
Մեղադրող Արմեն Մարուխյանի հարցին՝ արդյոք ինքը դեպքի օրը հարվածե՞լ է, տուժողը բացասական պատասխան տվեց: Նա նշեց նաև, որ չի լսել, որ տուժող Վահե Ավետյանը հայհոյի:
Վ. Ավետյանն, ըստ տուժողի, շրջապատված է եղել մի քանի հոգով: Հետևաբար, ըստ նրա, բացառվում է, որ Վ. Ավետյանին մեկ հոգի հարվածած լինի: Տուժող Արտակ Բայադյանն ասաց, որ իրեն հանկարծակի են հարվածել, առաջին հարվածը եղել է ետևից՝ ծոծրակին, ապա՝ առջևից:
Գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանն ու Նորայր Հայրապետյանը ևս հարցեր ուղղեցին տուժող Արտակ Բայադյանին: Գարիկ Մարգարյանը հարցրեց տուժողին. «Արտա՛կ, դու չէի, որ գետնի վրա ընկած էիր ու քֆուրներ էիր տալիս: Մայկիցդ բռնել էի, դոշերից, ասում էի՝ հանգիստ սթրվի՛ տեղդ, չեմ ուզում խփել»: Արտակ Բայադյանն էլ արձագանքեց, որ գետնին ընկած ժամանակ իր հագին «մայկա» չի եղել: «Մայկա եղել ա, ես եմ լավ հիշում, կինո եք պատմում»,- արձագանքեց Գարիկ Մարգարյանը:
Ապա ամբաստանյալը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ տուժողը ճիշտ չի ասում. Արտակ Բայադյանին ինքն է ծեծել: «Պետք չի տենց կինոներ պատմել եսիմ ինչ սարքել: Սաղ ես դատի վախտ ուզում էին ճիշտն իմանային, մենք էլ ճիշտը պատմել ենք, ճիշտը գիտեք: Ի՞նչ եք էլ կինոներ եք պատմում»:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը տուժողից նախ հետարքրվեց՝ արդյոք իրենք ճանաչո՞ւմ են միմանց: Հարցին Արտակ Բայադյանը բացասական պատասխան տվեց: Ապա Նորայր Հայրապետյանը հետաքրքրվեց. «Ես սցենա՞ր եմ գծել, որ քեզ տանեի ավտոկայանատեղի, ծեծեի»: Ամբաստանյալը պարզաբանեց, որ նախաքննության և դատաքննության ընթացքում տուժողը ցուցմունքներ է տվել այն մասին, որ ինքը սցենար է գծել, որպեսզի ընկերներին տանի ավտոկայանատեղի, ծեծի ենթարկի:
«Ես հիմա դա եմ ուզում պարզեմ, որ ես իրան ընդհանրապես ճանաչե՞լ եմ կամ սցենար գծելու իմ միտումը ո՞րն է եղել, որ ես իրան իրա ընկերների հետ պտի տանեի ավտոկայանատեղի, 30 հոգով շրջապատեի, որ մեկը խփեր իր ծոծորակին ու չգիտեմ, իրա պատմելով՝ իրան ընդեղ լանգետ սարքեին, ոնց որ ինքն ա ներկայացնում: Հարգելի՛ դատարան, ստեղից գալիս ենք այն եզրակացության, որ այս մարդուն, ինչպես մնացած չգիտեմ… թշնամական տրամադրված, ոնց որ Եգորյանն ա սաղին սովորացրել: Տենում ենք էլի ամբողջ դատերում, որ այս մարդկանց սովորացնում են, որ հենց այդ միասնական դիտավորության… Իրանք էլ չեն իմանում՝ ինչ են խոսում դատարանում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: