Իրաքում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչություններ. կան զոհեր
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքում այսօր գրանցվել են մի շարք ահաբեկչություններ, որոնց զոհ է գնացել 11 մարդ: Բացի այդ, վիրավորվել է 25 մարդ: Այս մասին հայտնել են Իրաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Բաղդադից հարավ ընկած Էլ-Յուսուֆիա քաղաքի շուկայում գրանցվել է ուժգին պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել է 15 մարդ: Բաղդադից 60 կիլոմետր հեռավորության վրա ընկած Բաակուբա քաղաքում, որը հանդիսանում է Դիյալա նահանգի վարչական կենտրոն, տեղի է ունեցել մի քանի պայթյուն:
Պայթյունները որոտացել են ոստիկանության շենքի անմիջական հարևանությամբ: Դրանց հետևանքով վիրավորվել է 10 մարդ: Նշվում է, որ Բաղդադից 200 կիլոմետր դեպի հարավ գտնվող Բայջի քաղաքում հարձակման է ենթարկվել իրաքյան բանակի պարեկությունը: Ֆուգասային ռումբի պայթյունից զոհվել է երկու զինծառայող:
Այս տարի Իրաքում ահաբեկչություններից ու հարձակումներից զոհվել է մոտ 6000 մարդ և վիրավորվել է ավելի քան 14.000 մարդ: Նախորդ ամիս Իրաքում զոհվել է ավելի քան 1000 մարդ, իսկ այս ամիս՝ մոտ 500 մարդ: