Պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելը բարոյական չէ. ԲՀԿ պատգամավոր
«Տապալված տնտեսական քաղաքականությունը, կառավարության գործունեության ադրյունքում տնտեսական գրանցված անկումը խոսում են այն մասին, որ բարոյական չէ բարձրացնել աշխատավարձը»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: «Երբ մենք ունենք արտագաղթի աննորմալ ցուցանիշ, ունենք սոված շերտեր, երբ սահմանամերձ գյուղերում չքավորություն է, այս պայմաններում քաղաքական էլիտայի աշխատավարձը բարձրացնելը խիստ անթույլատրելի է: Սա պետական իմիջի խնդիր չէ, ինչպես շատերն են ասում: Իմիջը պայմանավորված չէ բարձր աշխատավարձով. իշխանական էլիտան կորցրել է իրականության զգացումը: Երկրի իմիջը ձևավորում են գյուղերն ու քաղաքանները, օրվա հացի խնդիր ունեցող մարդիկ»,- նշեց նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, թե մեկ օր առաջ խորհրդարանը կողմ է քվեարկել գործազուկներին 18.000 դրամի նպաստից զրկելու նախագծին, հիմա էլ քվեարկում է իրենց աշխատավարձի բարձրացման օգտին. «Նրանք, ովքեր ասում են, թե մարդկանց միջից մուրացիկի հոգեբանությունը պետք է հանվի, պոպուլիզմով են զբաղվում: Կան լավ մասնագետներ՝ գիտության դոցենտներ, պրոֆեսորներ, ովքեր շուկաներում զբաղված են առևտրով: Խնդիրը ոչ թե պրոֆեսիոնալ մասնագետի բացակայություևն է, այլ խայտառակ, աղետալի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Երբ այս ֆոնին քաղաքացուն զրկում ես նպաստից ու բարձրացնում ես քաղաքական էլիտայի աշխատավարձը, ես չեմ կարողանալու նայել այդ մարդկանց աչքերին, և սա պոպուլիզմ չէ»: Ն. Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին՝ պնդելով ԲՀԿ մերժված նախագծերը դնել շրջանառության մեջ: «Պետք չէ մանկական թեզեր դնել շրջանառության մեջ, որ պետք է ոչ թե ձուկ տալ քաղաքացուն, այլ՝ կարթ տալ, որ նա այդ ձուկը բռնի: Քաղաքացին ուղղակիորեն մատնված է սովի, և սրա պատասխանատուները խոչընդոտում են այն նախագծերը, որոնք միտված են երկրում տնտսության ողնաշարը ուղղելուն»,- շեշտեց նա: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն էլ հավելեց, որ պետական ծառայողների աշխատավարձի կարգավորման մասին փաստաթուղթը չպետք է ներկայացվեր գործող Կառավարության կողմից. «Անբարոյական է, որ այս փաստաթուղթը ներկայացնում է այս կառավարությունը: Գուցե այն ներկայացնի հաջորդ կառավարությունը և այն էլ որոշակի սոցիալական շերտերի կենսամակարդակի ավելացումից հետո: Մենք չունենք բարոյական իրավունք սեղմելու կոճակ, բարձրացնելու մեր աշխատավարձը, երբ ուսուցիչը, վարորդը այսօր ապրում են ծանրագույն պայմաններում: Տպավորություն է, որ իշխանական էլիտան ադեկվատությունը կորցրել է, իրականությանը չի տիրապետում»: Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, թե գործող կառավարությունը բարոյական իրավունք կունենար նման նախագիծ ներկայացնել, եթե կատարեր իր խոստումներից գոնե մեկը: