
Բրազիլիան ու Գերմանիան ՄԱԿ-ում բանաձև են պատրաստում՝ ընդդեմ ԱՄՆ-ի լրտեսական գործունեության. Foreign Policy

Ամերիկյան Foreign Policy պարբերականի փոխանցմամբ՝ Բրազիլիան ու Գերմանիան երեկ խորհրդաժողով են գումարել Նյու Յորքում, որին մասնակցել են լատինամերիկյան և եվրոպական մի շարք երկրների կառավարություններ:
Դրանում քննարկվել է ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը, որում կոչ է արվում Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային պակտով ամրագրված մասնավոր կյանքին չմիջամտելու իրավունքը տարածել համացանցի վրա:
Այս մասին ամերիկյան պարբերականին հայտնել են նրա սեփական աղբյուրները: Նշվում է, որ նմանատիպ համատեղ նախաձեռնություն ձեռնարկվում է առաջին անգամ: Պլանավորված է վերոնշյալ բանաձևը ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովում քվեարկության դնել մինչև ընթացիկ տարեվերջ:
Փաստաթղթում ոչինչ նշված չէ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հրապարակումների մասին, որոնց համաձայն, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է 35 համաշխարհային առաջնորդների բջջային հեռախոսները: