Անբարոյական է, երբ մենք ցանկանում ենք մեր աշխատավարձերը բարձրացնել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծին: Այս մասին ԱԺ ամբիոնից «Ժառանգություն» խմբակցության անունից հայտարարեց խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա հայտարարեց, թե չի կարծում, որ խորհրդարանն այնքան լավ է աշխատել, որ արժանի է աշխատավարձի կրկնապատկման:
«Նույնիսկ լայն խավերը, եթե ընդգրկվեն օրենսդրական այս դրույթներով, աշխատավարձի էական բարձրացում, որը կարող է հնարավորություն ստեղծել քաղաքացու համար արժանապատիվ ապրելու, չի ակնկալվում: Միայն այս օրինագծով խոստացվում է, որ կարող է հսկայական ծավալի աշխատավարձ բարձրանա պատգամավորի համար, բայց ոչ ուսուցչի, մանկավարժի: Ես այսօր ստանում եմ 240.000 դրամ աշխատավարձ և կարծում եմ, որ լավ չեմ աշխատում: Իսկ այն մանկավարժը, ով ստանում է 100.000 դրամ, նա հսկայական գործ է անում՝ մեր երեխաներին տալիս է գիտելիք: Իսկ մենք այստեղ ի՞նչ ենք անում: Մենք պարտավոր եք կարգ ու կանոն հաստատել, բայց օրեցոր աճում է արտագաղթը, մեզնից հիասթափվում են: Մենք լավ չենք աշխատում, որ աշխավարձ բարձրացնեն, այդ թվում՝ չպետք է բարձրանան Կառավարության անդամների, նախարարների աշխատվարձերը, որովհետև լավ չենք աշխատել: Ամեն օր մեր քաղաքացին չի զգացել, որ իր կյանքը բարելավում է, հակառակը՝ մեր քաղաքացին ամեն օր դժգոհում է: Անբարոյական է, երբ մենք ցանկանում ենք մեր աշխատավարձերը բարձրացնել՝ նույն պարոն Աբրահամյանի խնդիրը՝ ինչո՞ւ պետք է բարձրանա: Ինչպե՞ս է մեր քաղաքացին մեզ գնահատելու, եթե մենք կողմ քվեարկենք այս նախագծին»: