«Ժառանգությունը» դատապարտում է իր դեմ իրականացվող ոտնձգությունները

ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ երկօրյա խորհրդակցությունների արդյունքում հոկտեմբերի 23-ին սահմանել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ դրանց գործունեության կարգը» եւ դրա վրա հենվող ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությունը՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակի մասին»:

Նշյալ փաստաթղթերով միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման համար ընտրվել է մի կարգ, որը ԱԺ նախագահին է թողնում պատվիրակների ընտրությունը եւ չափանիշ է դարձնում ԱԺ խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում պատգամավորների թվաքանակը: Նման կարգավորումը ստվերում է անգամ Դ’Հոնթի բանաձեւի թերությունները, քանի որ այդ բանաձեւը գոնե պահպանում էր օրգանական կապը ընտրողների կամարտահայտության հետ եւ քաղաքական ուժերին տրված (Հայաստանի պարագայում` ԿԸՀ-ի կողմից գրանցված) քվեները հաշվի էր առնում պաշտոններ բաշխելիս:

Հոկտեմբերի 23-ին հաստատված Կարգով եւ դրան հետեւած Կարգադրությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը զրկվել է ԵԽԽՎ-ի պատվիրակության կազմում ներկայացվածությունից, ինչը հակասում է ԵԽԽՎ կանոնակարգին: Համաձայն ԵԽԽՎ կանոնակարգի, ինչպես նաեւ 1798 (2011) բանաձեւի, այդ կառույցի ազգային պատվիրակություններում պետք է ապահովված լինի արդար ներկայացվածություն և հարգվի բազմակարծության սկզբունքը: Մինչդեռ հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ-ում ուժի մեջ մտած փաստաթղթերը ոչ միայն «Ժառանգություն» խմբակցության արդարացի ներկայացվածությունն են ոտնահարում, այլեւ բազմակարծության խաթարման և ԱԺ պատգամավորի՝ քաղաքական հայացքների համար հետապնդման պրակտիկա են հաստատում:

ԱԺ նախագահի կողմից քննության դրված Կարգը եւ ընդունած Կարգադրությունը ակնհայտորեն հետապնդել են «Ժառանգության» գործունեությունը ԵԽԽՎ-ում ընդհանրապես կասեցնելու քաղաքական նպատակ, եւ տարակուսելի է ու ցավալի, որ այդ պատասխանատվությունը կիսել են նաեւ ոչ իշխանական կուսակցությունները:

«Ժառանգությունը» հոկտեմբերի 23-ի ԱԺ նախագահի կողմից հաստատված Կարգը եւ ընդունված Կարգադրությունը գնահատում է որպես «Ժառանգության» դեմ իրականացված ոտնձգություններ, խստիվ դատապարտում է դրանց գործադրումը եւ հետամուտ կլինի հասանելի բոլոր միջոցներով դրանց բողոքարկմանն ու փոփոխմանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս