Թշնամու գնդակից զոհ գնացած զինծառայողը ՎՊՄԻ-ի ուսանող էր. նոր մանրամասներ
Տավուշի մարզի Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հոկտեմբերի 22-ին հակառակորդի կողմից կրակ է բացվել ավտոճանապարհով ընթացող քաղաքացիական և զինվորական մեքենաների վրա, որից մի քանի զինծառայողներ հրազենային տարբեր վնասվածքներ են ստացել:
lorinews.am-ի փոխանցմամբ` ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա Ադրբեջանի կողմից բացված կրակի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Արտակի Պողոսյանը (ծնված 1994 թ.):
Գարիկը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող էր. ՎՊՄԻ ընդունվել էր 2010 թ.: Երկու տարի §Ֆիզիկական կուլտուրա և սպորտ¦ բաժնում սովորելուց հետո 2012 թ. մեկնել էր զինվորական ծառայության: Հայրենիքին պարտքը տալուց հետո նա շարունակելու էր ուսումը:
Բոլոր ուսանողական ընկերները, ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական կազմը սիրով են հիշում Գարիկին. նա ընկերասեր էր, բարի, պատրաստակամ:
Գարիկը ոչ միայն լավ էր սովորում, այլև զբաղվում էր սպորտով, բնավորությամբ հանգիստ ու խաղաղ էր¦. ահա այսպես են նկարագրում իրենց զոհված ընկերոջը ուսանողները, որոնք անփարատելի վիշտ են ապրում: Գարիկի հետ մեծ հույսեր էին կապում նաև մարզիչները, մասնավորապես՝ բռնցքամարտի մասնագետները: Գարիկը գերազանց բռնցքամարտիկ էր, նրա հաջողությունները ակնառու էին և գովելի:
Մասնակցել է 2009 թ. ՀՀ պատանիների առաջնությանը և հաղթող ճանաչվել: Եվրոպայի առաջնության մասնակից է, մի շարք մրցաշարերի դափնեկիր: ՎՊՄԻ ողջ ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական կազմը խորին ցավակցությունն են հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հայրենիքի զինվորի՝ սիրելի Գարիկի զոհվելու կապակցությամբ: Նրա անունը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում: