«Մենք ենք մեղավոր, որ մեր դերակատարումն այդքան նվազ է». Դավիթ Հարությունյան

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագիծը քաղաքական է: Այս մասին այսօր Աժ ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Վերջինս նշեց, որ ինչպիսի օրենք էլ բերվեր, այն միևնույն է քննադատվելու էր, բայց շեշտեց, որ դա ամենևին  չի նշանակում, որ օրենքը «վատն է»: Ըստ նրա՝ սա ոչ միայն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ օրինագիծ է, այլև զուտ քաղաքական փաստաթուղթ, որն իր էությամբ արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարություն պետք է ունենա երկրում՝ որոշումներ կայացնելու, պատասխանատվության և մի շարք այլ հարցերում: Նա նկատեց, որ յուրաքանչյուր երկիր, որտեղ նման համակարգ է ներդրված, առաջին հերթին քաղաքական մոտեցումներն է հաշվի առել: Դավիթ Հարությունյանը որպես օրինակ բերեց Սինգապուրի վարչապետին, ով տարիներ առաջ հայտարարել էր այն մասին, թե ինքն իրենց երկրում ամենաբարձր վարձատրվող անձն է, տարածաշրջանում ամենաբարձր վարձատրվող վարչապետը, սակայն իր ֆինանսական կարողություններով զիջում է բոլորին. «Նա ակնարկում էր, որ ուրիշ երկրներում ցածր է աշխատավարձը, բայց կոռուպցիայի մակարդակն էլ է ուրիշ»,- բացատրեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ ավելացնելով, որ դատավորներին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, սակայն չմտածել, որ միայն բարձր աշխատավարձով արդար դատական համակարգ կկառուցվի: Դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, ով նախագծի հիմնական զեկուցողն է, Դ. Հարությունյանն ասաց, որ հարգելով Վ. Գաբրիելյանին, ինքը այնուամենյանիվ բովանդակային պակաս է տեսնում օրինագծում: Ապա դիմելով խորհրդարանին, նա հայտարարեց. «Լինելով քաղաքական, այս փաստաթուղթն արտացոլում է իշխանության յուրաքանչյուր մարմնի դերակատարումը: Այն ինչ փաստացի կա, մենք ենք մեղավոր, որ մեր դերակատարումն այդքան նվազ է, ու այդքան բարձր արժևորված չէ այս երկրում, մենք պետք է մտածենք քայլեր, թե ինչպես մեր դերակատարությունը բարձրացնենք՝ ու ոչ թե արհեստական, այլ բնական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս