Նիկոլ Փաշինյան. Դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացրել Կառավարության թղթերը դակողի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Գործազրկության նպաստներից զրկելու մասին» նախագծերի հաջորդական քննարկումը սիմվոլիկ է համարում: «ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Գործազրկության նպաստներից զրկելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ տարընթերցումների տեղիք չտվող հայտարարություն արեց, թե անբարոյական է 18.000 դրամ հատկացնել գործազուրկներին: Եվ ինչպե՞ս լուծվեց այս բարոյական թնջուկը՝ բռնեցին, զրկեցին մարդկանց այդ գումարից: Ժամեր անց էլ քննարկում եք աշխատավարձերը բարձրացնելու մասին հարցը: Բարձրանում են Սերժ Սարգսանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձերը, այն մարդկանց, որոնց պաշտոնում գտնվելու ժամանակ աղքատութունը հասել է 35 տոկոսի, արտագաղթը  ահագնացել է: Երևի կարելի է ենթադրել, որ այս պաշտոնյաները խեղճ են եղել փողից, դրա  համար էլ նման կերպ են աշխատել»,- հայտարարեց նա:

ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ, օրինակ, ուսուցչի աշխատավարձի բարձրացումը էական փոփոխության չի հանգեցնելու, որովհետև կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի գործարկմամբ նրա աշխատավարձը մնալու է նույնը: Նա նշեց, որ 2014թ. բյուջեի նախագծի համաձայն՝ բարձրանալու է նաև հաշմանդամների աշխատավարձը.

«Առաջին կարգի հաշմանդամները ստանալու են մի ամբողջ 1400 դրամով ավելի թոշակ՝ 19.600 դրամ: Աշխատանքային կենսաթոշակների, այսպես կոչված, բարձրացումների արդյունքում 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին ստանալու է 30.200 դրամ: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությամբ պարենային զամբյուղը կազմում է 39.000 դրամ: ՀՀ-ում այսօր 1 մլն 146.000 մարդ պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է ու այդ մարդիկ ամեն օր լուրի են սպասում, թե ինչ կանի, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ իրենց հուսահատության ճիրաններից ազատելու համար: Ու ահա այսօր իրենք կստանան «բարի լուր», որ քաղաքական էլիտան բարձրացրել է ինքն իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիզմ աղքատության, արտագաղթի ու հուսահատության ֆոնին: Սա ցինիզմ է և սա հատուկ եմ ասում բոլոր նրանց համար, ովքեր իմ դիրքորոշումը կորակեն որպես պոպուլիտական: Ինչո՞ւ պիտի բարձրանա, ասենք, Սերժ Սարգսյանի աշխատավարձը, որ Մարտի 1-ին Երևանը տանկերով օկուպացրեց, թե որ Ռուսատանում ու Եվրոպայում ՀՀ-ն ծաղրի առարկա է դարձնում: Ինչո՞ւ պիտի բարձրանա Տիգրան Սարգսյանի, Մշակույթի նախարարի, Քաղաքաշինության նախարարի աշխատավարձը, որ նրանք համրի նման հետևել են, թե ինչպես  է օլիգարխը քարուքանդ անում մշակութային արժե՞քը: Էդ ինչքա՞ն պիտի աշխատավարձ բարձրացնեք, որ Փակ շուկայի ոչ անհայտ սեփականատիրոջ ունեցածը քիչ թվա նախարարներին: Ինչո՞ւ պիտի բարձրանա ԱԺ պատգամավորների աշխատվարձը:

Ավելի քան 1 տարի մենք իրար հետ այստեղ ենք, հիշատակեք մի դեպք, երբ ռեալ ցավ ենք ապրել գլխապատառ փախչող ժողովրդի համար: Աշխատավարձներս ցածր է, դրա համար չե՞նք կարողացել: Հիմա էլ պատգամավորները բողոքում են, թե ինչո՞ւ է նոր սանդղակով իրենց աշխատավարձը նույնացվում նախարարների հետ: Չնեղանաք, բայց պետք է ասեմ՝ դեռ գոհ եղեք, որ ԱԺ պատգամավորին չեն նույնացրել Կառավարության թղթերը դակողի հետ, որովհետև ինչ բերում են, դակում եք՝ օրենք եք սարքում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե իրեն ստեղծված իրավիճակը հիեցրել է Օստապ Բենդերի հայտնի հարցը. «Շուրա, իսկ որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար»: Կառավարության տրամաբանությամբ պատգամավորին անկախ լինելու համար չի բավականացնում 329.805 դրամը և փաստորեն նույնիսկ ընդդիմությունն է կողմ սրան»:

 

Տեսանյութեր

Լրահոս