
Էրդողանը Նուրի ալ-Մալիքիին հրավիրել է Անկարա

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության պատվիրակությունը պատգամավոր, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրի գլխավորությամբ ժամանել է Բաղդադ, ուր և հանդիպել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ:
Հանդիպման ժամանակ Վոլքան Բոզքըրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի անունից Մալիքիին հրավիրել է Անկարա: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը, տարածաշրջանի քաղաքական զարգացումները, ինչև մասնավորապես վերաբերում է Սիրիայի խնդրին:
Բոզքըրը հանդիպումներ է ունեցել նաև Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարիի և Իրաքի խորհրդարանի նախագահի հետ: Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այցելելու են Իրաք: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, որ Զեբարին վաղն այցելելու է Թուրքիա: