
Սև ծովում ռուսական մարտական ինքնաթիռի մոտենալուց հետո Թուրքիան օդ է բարձրացրել երկու F-16

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կանխել են ռուսական մարտական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տիրույթ մտնելը: Միջադեպը գրանցվել է երեկ, ժամը 16.37-19.05-ը:
Նշվում է, որ այդ ժամանակահատվածում Ռուսաստանի զինված ուժերին պատկանող İL-20 տիպի մարտական ինքնաթիռը Սև ծովում թռիչքներ է գործել թուրք-վրացական սահմանից դեպի թուրք-բուլղարական սահման՝ գտնվելով Թուրքիայի օդային տիրույթի սահմանի մոտ:
Որպեսզի արևելքից արևմուտք թռչող ռուսական ինքնաթիռը մուտք չգործի Թուրքիայի օդային տիրույթ, Մերզիֆոնից (Թուրքիայի սևծովյան-կենտրոնական հատված) տագնապի ազդանշանով օդ է բարձրացվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տիպի երկու ինքնաթիռ:
Նրանք ռուսական ուղղաթիռի թռիչքին հետևել են ընդհուպ մինչև թուրք-բուլղարական սահման: Ռուսական ուղղաթիռը տարածաշրջանը լքել է ժամը 19.05-ին, ինչից հետո թուրքական ինքնաթիռները վերադարձել են իրենց բազաները: