Լևոն Զուրաբյանը պահանջում է հետաքննել երեկվա «միջադեպը»
Երեկ ԱԺ ամբիոնից ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի հարցում հայտնվել են անելանելի վիճակում, կորցրել են խնդրի հայանպաստ կարգավորման որևէ հեռանկար և սկսել են Հայաստանի և Ղարաբաղի հասարակական կարծիքը նախապատրաստել Ղարաբաղյան հարցում զիջումների: Պատգամավորը շեշտել էր, որ խոսքը ոչ թե փոխզիջման, այլ միակողմանի զիջումների մասին է: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սակայն, առանց որևէ հիմնավորման անջատել էր Զուրաբյանի խոսափողը 3-րդ րոպեն չլրանալուց առաջ: Այսօր նիստերի դահլիճում վարման կարգով Լևոն Զուրաբյանն անդրադաձավ այս միջադեպին և պահանջեց. «Երեկ իմ հայտարարությունը, որում հիմնավորվում է, որ Զորի Բալայանի նամակը արտահայտում է իշխող ուժի տեսակետը, ընդհատվեց Հերմինե Նաղդալյանի կողմից 2:24 վայրկյանին, ինչը օրենքի խախտում էր: Հերմինե Նաղդալյանի այսօրվա հոդվածը՝ ի պաշտպանություն Զորի Բալայանի, հաստատում է երեկվա իմ այս հայտարարությունը, բայց ձեր պաշտպանությունը չպետք է լինի ապօրինի: Պահանջում եմ հետաքննել այս միջադեպը»: