Բաժիններ՝

ԱՄՆ-ը գաղտնալսել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան և ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության աշխատակիցներին. Le Monde

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը երեկ մասնակիորեն հերքել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացիներին գաղտնալսելը, ինչի մասին բարձրաձայնել էր ֆրանսիական Le Monde թերթը:

Կլեպերի խոսքերով՝ թերթի հոդվածում եղել է ոչ ճիշտ և մոլորեցնող տեղեկատվություն: Նա մասնավորապես կեղծ տեղեկատվություն է անվանել այն, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հավաքել է Ֆրանսիայի քաղաքացիների ավելի քան 70 միլիոն հեռախոսային ձայնագրություն:

Միևնույն ժամանակ Le Monde-ը երեկ հրապարակել է Ազգային անվտանգության գործակալության գործունեությանն առնչվող նոր գաղտնի փաստաթղթեր, որոնք դարձյալ հատկացրել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

Դրանց համաձայն, ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են նաև Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին և Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում Ֆրանսիայի ներկայացուցչության աշխատակիցներին:

Խոսքը գնում է Genie ծարագրի մասին, որի շրջանակներում դիվանագիտական ներկայացուցիչների համակարգիչները ներառվել են գաղտնալսման ծրագրերում: Կլեպերի հայտարարությունը դարձավ Սպիտակ տան կողմից առաջին հերքումը՝ կապված Ֆրանսիայի քաղաքացիներին գաղտնալսելու հետ: Երեկ տվյալ հարցը քննարկել են երկու երկրների նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս